Ռուսաստանյան պետական քարոզչամեքենայի գործունեության մեջ «փորձագիտական կարծիքի» դերը գնալով մեծանում է, բայց դա սկսել է քաղաքական կածիքից ոչնչով չտարբերվել, չնայած այն հանգամանքին, որ այդ ամենը շատ բարձր մակարդակի փաթեթավորվում է՝ պրոֆեսիոնալ լրագրության բոլոր կանոններին համապատասխան:
Հատկապես ափշեցնում է մակերեսայնությունը, որը սովորեցին Արևմուտքից: Ամիսներ առաջ ռուս ռազմական փորձագետներից մեկն իմ աշխատասենյակում կարծիք էր հայտնում, թե ռազմական տեսանկյունից Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է:

 

Որպես փաստարկներ՝ թվեր ու վիճակագրություն էր բերում: Բնավ ինձ չհամարելով ռազմական փորձագետ, մի քանի հակափաստարկներ էլ ես բերեցի՝ սկսած աշխարհագրական դիրքից ու մարտունակությունից, վերջացրած՝ քանակ-որակ հարաբերակցությամբ և կառավարման նրբություն-առանձնահատկություններով: Պարզվեց, մարդը ռազմական փորձագետ է, այն էլ՝ Հարավային Կովկասի գծով ու այդ փաստարկների մասին մտքի ծայրով էլ չէր անցկացրել, իրեն նեղություն չէր տվել հարցերը դիտարկել նաև այլ չափորոշիչներով:

 

Երբ մտածեց դրա մասին, կարծիքը փոխեց: Հիմա այս մարդը ռուսաստանյան հեռուստաընկերություններով կարծիք է ստեղծում, իսկ ես մտածում եմ. ճի՞շտ է ասում, թե՞ ոչ, Սիրիայից և Ուկրաինայից խոսում ու կարծիքներ է հայտնում՝ բոլոր փաստարկները հաշվի առնելո՞վ, թե՞ կան փաստարկներ, որոնց մասին «չի մտածել»:
Եվ այնուամենայնիվ, ցանկացած տեղեկատվություն քարոզչություն է:

 

Միհրան Հակոբյան