Եթե այսպես շարունակվի, ապա ռուս-թուրքական հակամարտությունը նոր, լուրջ և վտանգավոր բնույթ է կրելու: Դրա վառ ապացույցը Թուրքական հրետանու և արդեն նույնիսկ ավիառմբահարումներն են Հյուսիսային Սիրիայում, սահմանափակ թուրքական զորախմբի ներխուժումն այնտեղ, Սաուդյան Արաբիայի հետ համաձայնությունը հետագայում համատեղ ներխուժելու, նրանց ռազմաօդային ուժերը ևս օգտագործելու ուղղությամբ:

 


Հաջորդը դա պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուի Յացենյուկի հետ տրված համատեղ մամուլի ասուլիսում արտահայտած հակառուսական կոշտ հայտարարություններն են:
Բնականաբար Դավիթօղլուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ: Մասնավորապես նա ասել է. <<Ներկայումս երեք երկրներում Ռուսաստանը հանդես է գալիս բռնազավթողի դերում' Ուկրաինայում, Վրաստանում ու Սիրիայում, Հայաստանը նույնպես բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ>>: Փաստորեն արդեն Ռուսաստանին կոնկրետ մեղադրանք է ներկայացվել նաև Ղարաբաղյան խնդրի հետ կապված:

 


Ըստ նրա' եթե միջազգային հանրությունը համապատասխան կերպով արձագանքեր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, ապա հավանաբար ռուսները չէին համարձակվի ռմբակոծություններ սկսել Սիրիայում:
Հայտարարվել է թուրք-ուկրաինական միասնական դիրքորոշման, բարեկամության և այսուհետ կարևոր ռազմավարական գործընկեր լինելու մասին: Փաստորեն նաև ստեղծվել է նոր առանցք' Կիև-Անկարա-Բաքու, ու այս ամենից լավ բան սպասել չի կարելի: Վառվող պատրույգն աստիճանաբար մոտենում է վառոդով լցված տակառին…

 


Շատ բան կախված է ԱՄՆ-ի և Եվրոպայի վերջնական դիրքորոշումից, քրդական խնդրի շուրջ նրանց կողմնորոշումից: Չնայած քաղաքականությունն էլ է բրազիլական սերիալների նման…Ամուսիններն իրարից բաժանվում են, մի տաս հոգու հետ կենակցում և կրկին սիրատոչոր միանում ու <<երջանիկ>> նոր կյանք սկսում:
Սպասենք նորանոր զարգացումների, քանի որ իրավիճակն իրոք պայթունավտանգ է:
Հետաքրքիր է, որ մենք' հայերս ենք հավատարիմ, երևի կորցնելու շատ բան ունենք, այլընտրանք առայժմ չունենք…

 

Ռոբերտ Մելքոնյան