Րաֆֆու հացադուլին նայեք կյանքի, այլ ոչ թե մահվան դիտանկյունից
Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած միտքը, թե նախագահի երդմնակալություն կարող է տեղի ունենալ իր դիակի վրայով, մինչ օրս մնում է քննարկման ու վերլուծության առարկա: Շատերը դրան մոտենում են կամ փորձում են մոտենալ հետեւյալ պոստուլատների տեսանկյունից.
1. Հացադուլը հուսահատության կամ այլեւս անճար լինելու քայլ է,
2. Րաֆֆին զոհասեղանին է դրել իր կյանքը,
3. Իշխանությունը դրանից բխող հետեւանքը՝ մահը թույլ չտալու համար պետք է ընդառաջ գնա ու քաղաքական ճգնաժամը հանգուցալուծի:
Միանշանակ սխալ պոստուլատների վրա հենվող տրամաբանություն է, որովհետեւ.
1. Հացադուլը մարմնի եւ ոգու ուժի ամրության դրսեւորում է, այն հրապարակ է բերում բարոյականության հարցը, որը քաղաքականությունից դուրս է մղված եղել մաքիավելիստ, պրագմատիկ ու ռեալպոլիտիկ քաղաքական գործիչների կողմից. հացադուլի վեկտորի սլաքն ուղղված է դեպի իշխանության ու հասարակության քաղաքական կամքը, այլ ոչ թե դեպի հացադուլավորը:
2. Երբ մենք թիմով երգել ենք Հայաստանի օրհներգը, Րաֆֆի Հովհաննիսյանը նրա «բայց երանի, ով յուր ազգի ազատության կմեռնի» տողերը երգում էր /մեզ էլ հորդորում էր այդպես երգել/ «բայց երանի, ով յուր ազգի ազատության կապրի»: Նույն կերպ նա ձեւափոխում էր «մահ կամ ազատություն» հայտնի կարգախոսը՝ «կյանք եւ ազատություն»: Հանուն ազատության ապրելու, հաղթելու նրա աշխարհաճանաչողությունը բացարձակ հակասության մեջ է ինքնասպանության գաղափարի հետ: Հետեւաբար, այս մի առումով է սխալ է 2-րդ պոստուլատը:
3. Րաֆֆին պասիվացրել է իրեն եւ ակտիվացրել հասրակությանը, որը մարմանդ գետի նման գալիս ու անցնում է Ազատության հրապարակով, ֆիզիկապես կամ հեռակա՝ համացանցով, հեռուստա- կամ ռադիոլուրերով, տպագիր մամուլով դրան հետեւելով կամ մասնակից լինելով:
Հետեւաբար, նման առանցքների վրա խարսխված պայքարը ոչ թե բերելու է նրան, որ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի դիակի /հեռու բոլորից/ կամ դրա բացակայության հաշվին, այլ կյանքի, ազատության ու ոգու՝ օրավուր համաժողովրդական ու ինստիտուցիոնալ դարձող ուժի արդյունքում:
Արդ, Րաֆֆու հացադուլին նայեք կյանքի, այլ ոչ թե մահվան դիտանկյունից: Այն հանուն ապրելու ու հաղթելու է. հաղթանակ կյանքի եւ ազատության միջոցով: