ՀՀ կառավարությունն իր նախորդ նիստում համաձայնություն տվեց Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը. հարցը օրակարգ էր մտցրել Ֆինանսների նախարարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով առաջիկա փետրվարի 11- ի նիստի օրակարգ է ընդգրկվել երկու հարց, որոնցից մեկով Հայաստանը և Չեռնոգորիան համաձայնագիր են կնքելու ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, մյուսով' զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ:

 


Առաջին համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար' նպաստելով Հայաստանի և Չեռնոգորիայի գործարար նախաձեռնությունների խթանմանը: Փաստաթուղթը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրման ընդունում' կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն: Նախագիծը ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

 


Զբոսաշրջության բնագավառի համագործակցության համաձայնագրի նախագիծն ուղղված է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև զբոսաշրջության իրավապայմանագրային դաշտի ստեղծման ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի դյուրացնել զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:
Կողմերը միմյանց կօժանդակեն ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:
Համաձայնագրի իրագործմամբ համակարգված հիմքերի վրա կդրվի երկու երկրների միջև միջազգային և ներքին զբոսաշրջության հարցերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների, վիճակագրության, տեղեկատվական նյութերի, կայանալիք զբոսաշրջային միջոցառումների փոխանակումը, ինչը կնպաստի միմյանց զբոսաշրջային արդյունքի ճանաչմանը և խթանմանը:

 

 


Տնտեսական անկյուն