Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որի արդյունքում հաղթեց իշխանական ուժի կողմից ներկայացրած նոր նախագիծը: Ինչևէ հանրաքվեի արդյունքներին անդրադարձել էին միջազգային մի շարք կազմակերպություններ՝ տարբեր եզրակացություններով և դիտարկումներով: Վերջերս ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խումբը հրապարակել էր իր վերջնական զեկույցը սահմանադրական հանրքվեի վերաբերյալ:
Զեկույցում մանրակրկիտ և հստակ ներկայացված էր բարեփոխումների ընդհանուր պատկերը, գործընթացը սկզբից մինչև վերջ: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը նույնպես համոզված է, որ հանրաքվեի ընթացքում եղել են որոշակի կեղծիքներ: Զեկույցում հատուկ ուշադրություն էին հրավիրել իշխանությունների կողմից իրականացված խախտումներին:

 


ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի զեկույցն ընդհանուր առմամբ նոր բացահայտումներ չի անում և առաջինը չէ, որ դատապարտում ու մատնանշում է իշխանական ուժի կողմից իրականացված բոլոր կեղծիքներն ու խախտումները: Ավելին, կարծում եմ եթե փողոցում քայլող ցանկացած մեկին տարեկան կանգնեցնես ու հարցնես դեկտեմբերի 6-ին կեղծիք եղել է, թե ոչ, բոլորը միաբերան կասեն «ԱՅՈ»:
Այո, սահմանադրական բարեփոխումների խախտումների համար պատասխանատու է ողջ իշխանական համակարգը: Մեր հանրությունը ականատես է եղել կեղծարարության բազմաթիվ փաստերի և այդ ամենի բեռը մնում է իշխանության ուսերին: Այնինչ բոլոր տեսակի ընտրություններից հետո, կարծես սովորություն է դարձել վերջիններիս համար սրբի քողի տակ ձևացնել, թե զարմացած են, որ այդպիսի կեղծիքներ են եղել և դատապարտում են դրանք:

 


Իշխանությունն արդեն սովորություն է դարձրել կեղծիքների համար մեղադրել գործարարներին, թաղային հեղինակություններին, իշխանական այլ ենթակառույցներին ու դրանց ղեկավարներին, սակայն եփած հավի ծիծաղնել է գալիս, ամեն անգամ երբ վերևներում ասում են, թե տեղյակ չեն կեղծիքներից:
Այս ամենի մեջ միակ սփոփիչ և ոգեշնչող փաստն այն է, որ վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել դատական պրոցեսները, որտեղ դպրոցների կամ մանկապարտեզների տնօրենները կիսափոշմանած աչքերով ընդունում են, որ մասնակցել են սահմանադրական բարեփոխմների ընտրական կեղծիքներին:

 

Ալիսա Մանուկյան