Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը' վերջին շրջանում հաճախակի բնույթ ստացած իր հերթական այցն է կատարել Թուրքիա: Այցի շրջանակներում կանցլերի կողմից հնչեցված մտքերից մեկը, հատկապես, շատ հատկանշական էր և մտահոգության խիստ անհրաժեշտություն առաջ բերեց:
Մերկելը Թուրքիայի վարչապետ Ա. Դավութօղլուի հետ կայացած հանդիպումից հետո, մասնավորապես հայտարարել է. «Վերջին օրերին մենք ոչ թե պարզապես ապշած ենք, մենք սարսափած ենք Սիրիայում տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքներից, որոնց պատճառը, հատկապես, ռուսական ռմբակոծություններն են»։ Մերկելը նաև Ռուսաստանին ու Սիրիային մեղադրել է' քաղաքացիական բնակչության վրա հարձակումներն արգելող ՄԱԿ-ի բանաձևը խախտելու համար։

 


Համաձայնե՛ք, այսպիսի պրոթուրքական հայտարարություն, այն էլ Թուրքիայում, քիչ երկրների ղեկավարներ իրենց կարող էին թույլ տալ, քանզի նույնիսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են ընդունում, որ ստեղծված իրավիճակում ռուսական ռմբակոծությունները անհրաժեշտություն են: Իսկ ինչպես հայտնի է, այդ ռմբակոծություններին դեմ էին հանդես գալիս միայն Թուրքիան և «Իսլամական պետությունը» և այժմ այդ «թիմին» զարմանալիորեն միացավ նաև քաղաքակիրթ Եվրոպայի «ջահակիր» Գերմանիան:
Այս հայտարարությունը ինձ ստիպեց վերհիշել նախորդ դարաշրջանի պատմությունը և կրկին անգամ համոզվել, որ գերմանա-թուրքական բարեկամությունը, կարծես թե, հավերժ բնույթ է կրում:
Դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչպես բոլորին է հայտնի, այն սանձազերծած Կայզերական Գերմանիայի ստեղծած և «Անտանտի» երկրների դեմ մարտնչող «Քառյակ դաշինքի» ակտիվ մասնակիցներից մեկը Օսմանյան կայսրությունն էր:

 


Իսկ Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի մեղսակցության փաստը արդեն անքննելի երևույթ է և դրա մասին նախորդ տարի հայտարարեց նաև անձամբ Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկը:
Ապա սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ Թուրքիան, արտաքուստ պահպանելով չեզոքությունը, սակայն հսկայական քանակությամբ ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական հումք մատակարարելով Գերմանիային, վերջինիս թույլ էր տալիս ավելի երկարաձգել պատերազմի ընթացքը և դրանով նորանոր մարդկային զոհերի ու հսկայական ավերածությունների պատճառ հանդիսանալ: Միլիոնավոր տոննաներով քրոմի և երկաթի հանքաքարերի, չուգունի և այլ օգտակար հանածոների մատակարարումը հսկայածավալ օգնություն էր նացիստներին, քանզի դրանք առաջին հերթին օգտագործվում էին տանկերի, զենքերի և այլ մարտական նշանակություն ունեցող արտադրանքների համար:

 


Նշենք նաև, որ այդ նույն ժամանակ Թուրքիայում մեծ թիվ էին կազմում պրոգերմանական ուղղվածություն ունեցող տարրերը, ովքեր տենչում էին Գերմանիայի հաղթանակը և ամեն գնով փորձում էին համոզել նախագահ Իսմեթ Ինոնյուին, որպեսզի Թուրքիան մտնի պատերազմի մեջ' ի շահ Գերմանիայի: Պետք է նշել, որ պատերազմի տարիներին միմյանց հաջորդած Թուրքիայի վարչապետեր Ռեֆիկ Սայդամը և Շուքրյու Սարաջօղլուն մեկ անգամ չէ, որ այս հարցը բարձրացրեցին նախագահի առջև:
Եվ նաև չպետք է մոռանալ, թե ինչպես պատերազմի տարիներին թուրքական բազմահազարանոց դիվիզիաները, գնտվելով Հայաստանի սահմանին, սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որպեսզի եթե Գերմանիան հաղթեր, մտնեին Խորհրդային միություն և գրավեին Անդրկովկասը:
Եվ հիմա էլ Սիրիան; Գերմանիան' իր ներուժով հանդերձ, Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիաներին մեծ աջակցություն ցույց տալու փոխարեն, այսօր հնչեցնում է պրոթուրքական հայտարարություններ' դրանով ջուր լցնելով ահաբեկիչների «հովանավոր» Էրդողանի' առանց այդ էլ անջուր մնացած ջրաղացին:

 

 

Հայոց Տուն