ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍՏԱՏ ՉԿԱ ՈՉ ՄԻ ԲԱՆ

Հայ միլիոնատեր, նշանավոր բարերար Միքայել Արամյանցն իր կյանքի ընթացքում հազարավոր մարդկանց է օգնության ձեռք մեկնել: Ներսիսյան դպրոցի մշտական հովանավորը, հարյուրավոր երիտասարդների կրթության գործի կազմակերպիչը, հայ մտավորականության բարեկամը, ազգային բազում հաստատությունների հիմնադիրը, գաղթականների համար ապաստաններ կառուցողը չէր կարող երևակայել, թե իրեն ինչ վախճան է սպասվում:

 


Իսկ վախճանը վրա հասավ խորհրդային կարգերի հաստատումից հետո: Բոլշևիկներն Արամյանցից խլեցին ողջ ունեցվածը, նրան էլ նետեցին իր իսկ կառուցած տան նկուղը, որտեղ էլ մահացավ 1922 թվականի դեկտեմբերին, ծայրահեղ թշվառության մեջ:

 


Պահպանվել է մի նամակ, որ գրել է նրա ազգականն այդ օրերին: Նամակում ասվում է. «Մի պիկանտ լուր Թիֆլիզից: Քեռիս՝ նշանավոր միլիոնատեր Արամյանցը, Թիֆլիսի մի մեծ հիվանդանոցի հիմնադիրը, որը տասնյակներով թոշակավոր ուսանողներ է պահել (անշուշտ, նաև հայ բոլշևիկ տղաներ), վախճանվել է երկար տառապելուց հետո, մի փոքրիկ, մութ նկուղի մեջ: 10-15-ի չափ հսկա տները խլել են ձեռքից: Ստիպված են եղել իր զգեստը ծախել՝ թաղման ծախսը հոգալու համար...»:

© Հովիկ Չարխչյան