Բնությունը մարդու մեջ հաճախ թաքցված է, երբեմն' ճնշված, բայց հազվադեպ՝ ոչնչացված: Բռնադատումը ստիպում է բնությանը դաժանորեն վրեժխնդիր լինել իր համար, խրատները փոքր-ինչ զսպում են նրա պոռթկումները, և միայն սովորությունն է կարող նրան վերափոխել ու հնազանդեցնել: Ով ձգտում է հաղթել իր մեջ բնությանը, թող իր առջև չդնի ոչ չափազանց բարդ, ոչ էլ շատ հեշտ խնդիրներ, քանզի առաջին դեպքում կընկճվի հաճախակի անհաջողություններից, իսկ երկրորդ դեպքում շատ քիչ հաջողություններ կունենա, չնայած հաճախ կհաղթի: Եվ թող սկզբում թեթևացնի իր գործը այն լողորդի նման, ով ապավինում է լողապարկերին կամ եղեգնի խրձերին, իսկ մի քիչ հետո, ընդհակառակը, դնի իրեն դժվարին պայմաններում, ինչպես վարվում են պարողները, երբ վարժություններ են անում ծանր կոշիկներով: Քանզի լրիվ կատարելության համար պետք է, որ նախապատրաստությունը ավելի դժվար լինի, քան ինքը' գործը:

 


… Եվ թող ոչ ոք լիովին չհավատա իր բնության դեմ տարած հաղթանակին, քանզի բնությունը կարող է երկար ժամանակ իրեն զգալ չտալ և կրկին վերակենդանանալ առիթի կամ գայթակղության դեպքում: Այդպես եղավ կատվից կնոջ փոխակերպված եզովպոսյան կույսի հետ. ի~նչ վայելչորեն էր նա նստել սեղանի մոտ, քանի դեռ նրա կողքով չվազեց մուկը: Դրա համար էլ թող մարդը կա՛մ բոլորովին խուսափի գայթակղությունից ու փորձությունից, կա՛մ ավելի հաճախ ենթարկվի նրանց, որպեսզի նրանց նկատմամբ անզգայուն դառնա:

 


Մարդու բնությունն ավելի հեշտ է ի հայտ բերել մենության ժամանակ, քանզի այդ ընթացքում նա իրենից դեն է նետում ողջ ցուցադրականը, կրքի պոռթկման ժամանակ, քանզի այդ ընթացքում մոռանում է իր կանոնները, ինչպես նաև նոր հանգամանքներում, քանզի այդ ժամանակ նրան լքում է սովորության ուժը:Երջանիկ են նրանք, ում բնությունն իրենց զբաղմունքների հետ համաձայնության մեջ է. այլ կերպ նրանք կարող են ասել. «Multiim incola fuit anima mea» («Երկար է ապրել իմ հոգին». Հին Կտակարան, Դավթի սաղմոս, 119), երբ հարկադրված են զբաղվել այնպիսի բաներով, որոնց նկատմամբ հակումներ չունեն: Զբաղվելով գիտություններով՝ թող մարդը ժամեր նշանակի այն բաների համար, ինչին իրեն հարկադրում է, իսկ այն բաների համար, ինչ ներդաշնակ է իր բնությանը, թող չմտահոգվի և հատուկ ժամանակ հատկացնի, քանզի նրա մտքերն իրենք դրանց կանդրադառնան, որքանով թույլ կտան ուրիշ գործերը և զբաղմունքները:
Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դուրս է գալիս կա՛մ որպես հացազգի, կա՛մ որպես մոլախոտ. դե, թող նա ժամանակին ջրի առաջինները և քաղհանի երկրորդները:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

 

Սիրարփի Մարգարյան