Մտավորականը կարծում է, թե Վերդիին շատ ուշ է հաջողվել տիրապետել իր փեշակին, քանի որ ծեր հասակում է ստեղծել իր մեծագույն գլուխգործոցը' Ֆալստաֆը:
Մտավորականը գերադասում է մաքուր երաժշտություն, հատկապես Բախինը /որի անունն արտասանում է քմային ուժեղ շեշտադրությամբ/:
Մտավորականը դուրս է գալիս Կոմունիստական Կուսակցության շարքերից, սակայն չի համարում, որ ճիշտ են նրանք, ովքեր երբեք չեն անդամակցել այս կուսակցությանը:

 


Մտավորականը կարող է նաև հայտնաբերել Վերդիին, սակայն այդ դեպքում, նրա հասցրած վնասն ավելի մեծ կլինի:
Մտավորականը կարծում է, թե ժամանակակից պոեզիան հումանիստական չէ, սակայն թուլություն ունի վերացական նկարչության հանդեպ:
Մտավորականը, վերջնականապես եզրակացնում է, որ ժամանակակից պոեզիան հագեցած է հումանիզմով,- ահա թե ինչու է աղետն անկասելի:
Մտավորականը ՙՊայացներ՚-ի նախերգանքը շփոթում է ՙՁոն Ցնծության՚ հետ, բայց բողոքում է, թե իտալերեն լեզուն նվազ երաժշտական է:
Մտավորականը որոշում է դուրս գալ փղոսկրե աշտարակից: Բարեբախտաբար, ոչ-ոք դա չի նկատում:
Մտավորականը համոզված է, որ արվեստն իր համար է ստեղծված: Ավելի վատ կլինի, եթե նա կարծի, թե այն ժողովրդի համար է:

 


Մտավորականը երազում է դոլարով աշխատավարձ ստանալու մասին, և հայտարարում, թե ՙԵվրոպան պետք է միավորվի, այլապես' կկործանվի՚:
Մտավորականն աշխատավարձը դոլարով չի ստանում և ասում է, թե' ՙԱրևմուտքի մայրամուտը մոտ է՚:
Մտավորականը սիրում է բալետ, դոդեկաֆոնիկ երաժշտություն և B1 խմբի վիտամիններով հարուստ ապերիտիվներ:ՙԲայց' կոկտեյլը շատ չոր, խնդրում եմ՚:
Մտավորականը փայտե կոճակներով շապիկ է հագնում և ասում, թե Փարիզն անկում է ապրում:Գուցեև այդպես է, սակայն իսկական անկումն այն կլիներ, եթե Փարիզն նրա մասին մտածեր:Դժբախտաբար երբեմն այդպես պատահում է:ՙՍեն Ժերմեն դե Պրեն, սակայն, որոշակի ոճ դեռ պահպանում է…՚:
Մտավորականն ասում է, թե եկել է ինտելեկտուալիզմից հրաժարվելու պահը:
Մտավորականն ասում է, թե Շվեյցարիան ձանձրալի երկիր է:
Մտավորականն ասում է, թե Անգլիայում, վերջիվերջո, կերակուրն այնքան էլ վատը չէ:Ոչ մի կաթով սուրճ' սովը կոտրում է չինական թեյով և մրգօղիով: Մտավորականը փնտրում է իր ՙերկրորդ փեշակը՚: Իսկ առաջի՞նը:

 


Մտավորականը պաշտպանում է ազատությունը' մեկնելով Պրահա և Վարշավա, իսկ հարցաքննության ժամանակ ասում է, թե' ՙիրեն ստիպել են դա անել՚:
Մտավորականը գրական մրցանակ չի ստանում և ասում է, թե բոլոր մրցանակները մաֆիայի ձեռքում են:
Մտավորականը գրական մրցանակ է ստանում և ընդունում է, որ մաֆիա կոչվածի մեջ էլ ինչ-որ մի լավ բան կա: (ՙՆոր Քաղցր Ոճի՚ պոետներն էլ բանդայի անդամներ էին):
Մտավորականը բանաստեղծություններ է գրում, որոնք ոչ ոք չի կարդում, և եզրակացնում է, թե մեր ժամանակները պոեզիայի համար չեն:
Մտավորականն իր հեղինակած գրքերը չի վաճառում ու պահանջում է պետության միջամտությունը:
Մտավորականն ուզում է, որ պոեզիան լինի ժողովրդի համար, երաժշտությունը' ՙսերիալ՚, և նկարչությունը' վերացական, այսինքն' կոնկրետ:Մտավորականն ասում է, թե այն քննադատները, ովքեր իրենով չեն զբաղվում, սնանկ են: Մտավորականը հակվում է նեոռեալիզմին, որովհետև բուրժուազիան այլևս սպառված է: ՙՀետո, սակայն, անհրաժեշտ է նորովի արարել մարդուն՚:
Մտավորականը թարգմանվել, կամ թարգմանվելու է այլ լեզուներով: Իր հրատարակիչը ՙհաջողացրել է՚ նրա մի գրքի տպագրությունը:

 


Մտավորականը չի հանդուրժում արվեստի գործերին պետության միջամտությունը, սակայն բողոքում է, թե թատրոնն ու կինոն քիչ հատկացումներ են ստանում:
Մտավորականը կարծում է, թե անհրաժեշտ է բարեփոխել Ակադեմիան, որպեսզի ինքը նրա անդամը դառնա, և, հատկապես, որպեսզի անդամ չդառնան Ա-ն, Բ-ն, Գ-ն …
Մտավորականը դեմ է արվեստների պլանավորմանը, սակայն այն կարծիքին է, որ Ա-ին, Բ-ին և Գ-ին պետք է արգելել գրելը:
Մտավորականն ատում է երրորդ ուժը, որովհետև մերը' զանգվածների ժամանակն է:
Մտավորականն ատում է զանգվածներին ու կարծում, թե ՙՊարտեզ փակեալ՚ լավ բան է:
Մտավորականն ասում է, թե Շեքսպիրը եթե կենդանի լիներ' կինո կնկարահաներ: Իսկ առայժմ ինքն է ուզում դա անել:
Մտավորականը ժամադրության է գալիս լրագրերի մի խուրձ ձեռքին, ներողություն է խնդրում ուշանալու համար և հրաժեշտ տալիս' ասելով, թե պետք է մի տեղ գնա:Ու՞ր է գնալու: Պետք է ՙԳուշակության մրցույթ՚ հայտարարվի' դա իմանալու համար:

 

ԷՈՒՋԵՆԻՈ ՄՈՆՏԱԼԵ

 

Սիրարփի Մարգարյան