Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 7-ին նշելու է Բուն Բարեկենդանը, որը Մեծ պահքի առաջին կիրակին է:
Փետրվարի 8-ից սկսվելու է Մեծ Պահքը:
փետրվարի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպելու են Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությանը: Ժամը 13.30-ին կսկսվի դիմակներով շքերթը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ: Այստեղ տոնը կշարունակվի՝ ելույթ կունենան ազգագրական խմբեր, թատերական խմբեր, կկազմակերպվեն ազգային խաղեր, բարեկենդանյան ուտեստների ցուցահանդես-վաճառք:

 


Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ' ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի' գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից' խաղաղության:
Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

 


Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52):

 

 

Վրեժ Հովսեփյան