Սիրիայում և նրա շուրջ վերջին շրջանում դարձյալ բավականաչափ ակտիվացած գործընթացների համատեքստում, կարծես, ստվերում էր մնացել «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը. ծայրահեղական կառույցի դիրքերի աստիճանական թուլացումը որոշակիորեն երևում էր նաև քարոզչական դաշտում, ինչը բնականաբար պետք է հնարավորինս շտկվեր՝ աշխարհում ԻՊ-ի հեղինակության սրընթաց անկման ֆոնին:

 


Այսպես, համացանցում ԻՊ-ին պատկանող սոցիալական ցանցերի հաշիվները նոր՝ մոտ 17 րոպե տևողությամբ քարոզչական բնույթի տեսահոլովակ են հրապարակել, որում անգլալեզու սևամորթ դեռահաս դահիճը մահապատժի է ենթարկում սիրիական հակակառավարական խմբավորումներից մեկի՝ արաբի արտաքինով զինյալին. Youtube վիդեո-նախագծային կայքը պարբերաբար խափանում է տեսահոլովակի տարածման փորձերը:

 


Տեսանյութում ԻՊ-ի դահիճն իր զոհին նախ տանում է անտառով, ապա ծնկի իջեցնում և, հետևյալ խոսքերն արտասանելով, գլխատում.«Օ՜ Ամերիկա, սրանք այն զինվորներն են, ում դու զինել, ֆինանսավորել ես և ուղարկել շարիաթի դեմ պայքարի: Մենք կոչնչացնենք նրանց, ինչպես ոչնչացնում ենք Իրաքի…(այնուհետ խոսքը չի հասկացվում): Ձեզ չի հաջողվի փախչել»:
Պարզվել է, որ ԻՊ-ի նոր դեռահաս դահիճը Հալեպի շրջանում ամերիկյան օդուժի ավիահարվածների հետևանքով սպանված Աբու Դարբա անունով գրոհայինի որդին է, իսկ նրա զոհն՝ ինչպես սիրիական բանակի, այնպես էլ ԻՊ-ի դեմ մարտնչող սիրիական հակակառավարական խմբավորումներից մեկի զինյալներից:
Գրառմանը կցված տեսանյութը մահապատժի տեսարանի մոնտաժված տարբերակն է:

 

Արմեն Պետրոսյան