Մենք' հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:
Հունվարի 28-ը Հայոց Բանակի օրն է։ Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպես Հայոց իրողություն, իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչեւ Սարդարապատ, Բրանդենբուրգյան դարպասների մոտ քոչարի պարած թամանցիներով, մինչեւ Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրյա հերոսները…

 


Հայոց բանակի ստեղծումը կապված է հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանցից անքակտելի են: Եվ մեկի, և մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը' սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման:
«Բանակ» ասելիս, առաջին միտքը, որ ծագում է ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը:
«Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը:
Ընդամենը 24 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:
Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում: Բանակը հիրավի նվիրյալների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգության ու խաղաղության արժեքը:

 


Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները' անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի:
24 տարի առաջ կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:
Մենք' հայերս, լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:
Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից: Այսօր մենք պետք է խոնարվենք մեր դրոշին, հիմնին, զինանշանին, հպարտանալով, որ ունենք հենց այսպիսի բանակ, որ կարող է պաշտպանել մեզ թշնամուց:

 


Մեր բանակը դարձավ 24 տարեկան, սա բոլորիս տոնն է: Այն լավ առիթ է վերստին գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով' մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն էլ ավելի կամրանա, դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը:

 

Անի Ասլանյան