Մի քանի դիտարկում ԵԽԽՎ-ում աշխատելու մասին.
1. ԵԽԽՎ-ում հազվագյուտ պատվիրակների է հետաքրքրում Ղարաբաղյան հիմախնդիրն իր պատմական, մշակութային, իրավական, հոգևոր, հումանիտար և այլ տեսակետներից: Այնպես որ, որևէ երկրի որևէ հարցի համար մասնագիտական կամ նեղ մասնագիտական պատրաստված լինելն ունի դրական, բայց ոչ կարևոր դերակատարում ԵԽԽվ-ում հաջողության հասնելու համար: Կասեմ նույնիսկ հակառակը' պետք է հնարավորինս խորն իմանալ այլ երկրների խնդիրները, պատմությունը, մշակույթը և շահերը: Այնպես որ իմ բոլոր ընկերներ և բարեկամ փոձագետներին ու հասարակական գարծիչներին պետք է խնդրեմ աջակցել՝ տրամադրելով իրենց վերլուծությունները և խորհուրդներն այլ երկրների շահերի մասին: Բայց ամենակարևորն այն է, որ այլնտրանքային բազմաթիվ առաջարկների կարիք կա, որոնք կարող է գալ նաև փորձագիտական ու հասարակական շրջանակներից: Այդպիսի նախաձեռնությունների առաջմղմամբ ես միայն դու դառնում հետաքրքիր, լսելի և աջակցված:

 


2. Մինսկի խմբի հայտարարություններն ունեին ազդեցություն և ասեմ ինչու: Որևէ կապ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ և կամ մտահոգություն բանակցային գործընթացին վնասելու առումով, իմ կարծիքով, ազդեցություն չի ունեցել, կամ լավագույն դեպքում ազդել է 5-10%-ի չափով: Իրականում ազդել է այն, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի կողմից և պարունակել է հետևյալ միտքը' մենք կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կհամագործակցեն մեր հետ: Վստահ եմ, որ նրանք, ովքեր մտահոգվել են այդ հայտարարությամբ, դա արել են այն տրամաբանությունից ելնելով, որ սխալ է չհարգել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը: Մեկ անգամ ևս կրկնվեմ, որ իրենց ամենաքիչն է մտահոգել այդ շահերը նպաստելու են Ղարաբաղյան հիմախնդրի տիրույթում, թե լինեին ասենք լուսնի հետ կապված: Այնպես որ, և ԱՄՆ, Ֆրանսիա ու Ռուսաստանը և ԵԽԽՎ այն երկրները, որոնց վրա ազդել է ՄԽ համանախագահների հայտարարությունը, դա արել են իրենց շահերից ելներով: Նույնը վերաբերվում է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարությանը և այլ նմանատիպ հայտարարություններին: Պատվիրակներն իրենց երկրների և իրենց անձնական շահերով են առաջնորդվում, և դա անում են՝ հիմնվելով ինչպես արժեքների, այնպես էլ ցավալի է, բայց անձնական «բարեկեցությանից» դրդված:

 

3. Շատ կարևոր է, որ մի բան ուզելուց տալու բան ունենաս: Միշտ չի, որ տրվելիքը պետք է լինի գումար կամ մի թանկարժեք իր, բայց այն, ինչը կնպաստի դիմացինի շահերի կյանքի կոչելուն: Այսպես ասած «փոխանակելու» պաշարը պետք է ստեղծել և կուտակել ամեն օր' նախաձեռնություններով, կապեր ստեղծելով, մասնակցելով, օժանդակելով և այլն:

 

4. Միջազգային ցանկացած կառույց համակարգ է, որն աշխատում է իր կանոնակարգով և մշակույթով, որը պետք է իմանալ մանրամասն ու լավ: Յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով հենց համակարգ է, որում պետք է աշխատել համակարգված, ինստիտուցիոնալ հիշողության վրա հիմնվելով և զբաղվելով ամբողջ կառույցի արժեքների և նպատակների առաջադիմությամբ: Մեզ իսկապես պետք է դասեր քաղել հենց համակարգված աշխատանքի մշակույթի զարգացման առումով:

 

5. Շնորհակալություն գարծընկերներիս, ՀՀ դիվանագետներին և Եվրոպական հայկական կազմակերպություններին՝ թիմային աշխատանքի համար: Ոգևորվենք դասեր քաղելով ու շտկելով բացթողումները' դեռ շատ աշխատելու հարցեր կան: Դուխով:

 

Թևան Պողոսյան