Այս հին լուսանկարի վրա՝ Զեյթունի 1862 թվականի ապստամբության ղեկավարներն են, ձախից աջ' իշխան Ղազար Շովրօղլյան (Շովրոյան), Տեր Մովսես Խաչուկենց և իշխան Աստվածատուր Ենիտունյան։ Զեյթունցիների 1862-ի ինքնապաշտպանությունը՝ Օսմանյան բռնապետության դեմ հայերի ամենանշանավոր ընդվզումներից է հանդիսանում: 150 տարվա վաղեմության նկարում զենքը ձեռքին մեզ են նայում հպարտ ու հաղթանակած կեցվածքով կանգնած հայեր, որը գուցե նաև մեզ ուղղված պատգամ է' այսօրվա համար:

 

1862 թ. հուլիսի սկզբին թուրքական բանակը, որի թիվը հասնում էր մոտ 40 հազարի, հարձակվեց Զեյթունի վրա՝ առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Նրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, սառը զենքով, մահակներով ու քարերով: Իր թվային գերազանցության և սպառազինության շնորհիվ թուրքերը գրավեցին մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան բուն քաղաքում:

 

Օգոստոսին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Անկոտրուն հայ լեռնականներն իրենց եղած ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար՝ դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից, որից հետո, ֆրանսիացիների միջնորդությամբ, հայերի և թուրքերի միջև կնքվեց հաշտություն:

 

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը, հենց այս հաղթական իրադարձություններով ոգեշնչված, գրեց ազգային ազատագրական պայքարի իր հայտնի մարտական հիմնը՝ «Զեյթունցիների քայլերգը», որի խոսքերի հեղինակն էր արևմտահայ բանաստեղծ Հարություն Չաքրյանը:

 

 

 

Ռուբեն Շուխյան