Նախագահ Սարգսյանը այսօր ելույթ ունեցավ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Արվեցին մի շարք կարևոր շեշտադրումներ, սակայն ամենևին նպատակ չունենալով խորանալ դրանց մեջ, կառանձնացնեմ մի շատ առանձնահատուկ, մի շատ ուշագրավ և հպարտության զգացում առաջացնող միտք, որն արվեց հանդիպման ընթացքում ՀԱՊԿ մնացյալ անդամ երկրների նախագահների ներկայությամբ:

 

Նախագահը բերեց ռուսական Սու 24-ի խոցման օրինակը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու հատկապես Հունաստանի արձագանքը դրան: Մասնավորապես նշվեց, որ ինչքան էլ Թուրքիայի արարքը հարված էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության ջանքերին, մեկ է ՆԱՏՕ-ի նրա բոլոր դաշնակիցները, այդ թվում Հունաստանը կասկածի տակ չդրեցին թուրքական կողմի գործողությունը: Նախագահը նշեց, որ դրանից պետք է դասեր քաղի նաև ՀԱՊԿ-ն:

 


Այնուհետև, նախագահը իր խոսքում հարձակման թիրախ դարձրեց ՀԱՊԿ անդամ երկրներին և քննադատեց նրանց կրավորական պահվածքը Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի սանձարձակ գործողությունների նկատմամբ: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»-ավելացրեց նախագահը, նաև նշելով, որ ՀԱՊԿ անդամները (և հատկապես Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը), նույնիսկ լսափողը չեն վերցնում և հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իրենց ՀԱՊԿ դաշնակից Հայաստանի սահմաններին: Այնինչ այդ երկրներից ոմանք կողմ են քվեարկում զանազան կազմակերպություններում ադրբեջանամետ հայտարարություններին:
Մի բան հստակ կարելի է արձանագրել, այս կարգի հարված ՀՀ կողմից ՀԱՊԿ-ում չէր եղել: Պետք էր սա, ի վերջո սա ռազմաքաղաքական խմբավորում է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի «չինական» ու անորակ տարբերակը:

 

Հայոց Տուն