Մարդիկ ապրում են իլյուզիայով: Դժբախտ է նա, ով չունի ինքնախաբեություն: Իլյուզիան մեր հոգու սնունդն է, առանց որի նա չի կարող ապրել, ինչպես ծծկերն առանց կաթի:

 

Ո՞վ չի զգում կյանքի կեղծիքը: Բայց ու՞ր է այն գերմարդը, որ կարող է ազատվել նրանից:
Մենք նման ենք այն երեխային, որ շատ լավ գիտե, թե իր ձին փայտյա է, բայց վարում է նրան ինչպես իսկական ձիու: Սանձում է, հեծնում, շոյում, կերակրում, ջրում: Փորձիր ծաղրել նրա իլյուզիան, նա կվշտանա դառնագին: Փորձիր զարկել անշունչ փայտին, նա կկատաղի, վասնզի դու ցավ ես պատճառում նրա իլյուզիային:

 


Յուրաքանչյուրը մեզնից ունի իր փայտյա ձին և շնչում է նրանով:
Չկա ավելի մեծ դաժանություն, քան երբ խելոքն աշխատում է հիմարին ապացուցանել նրա հիմարությունը: Չկա ավելի տգեղ վերաբերմունք, քան երբ գեղեցկուհին ծաղրում է իր ընկերուհու տգեղությունը կամ երբ տաղանդավոր արտիստը շեշտում է իր արհեստակցի անշնորհքությունը:
Թողեք տգեղին ապրել իր գեղեցկությամբ, հիմարին՝ իր խելոքությամբ: Մի կործանեք մարդկանց իլյուզիան, փոխարենը ոչինչ ունիք տալու:

 

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
1921 թ. Փարիզ

 

Հովիկ Չարխչյան