Տարածքները տալու կամ չտալու բարդ մեխանիկան... Կարծում եմ, մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը գնալով ստանալու է ավելի ու ավելի խճճված կոնֆիգուրացիաներ: Դրա հետ զուգահեռ պարզ դառնում, որ հիմա խոսել Արցախի շուրջ այսպես կոչված գրավյալ տարածքների վերադարձման մասին' այն էլ անորոշ կարգավիճակների և կասկածելի խաղաղապահների տեղակայման դիմաց, մեղմ ասաց' ուղղակի քաղաքական կարճատեսություն է:

 


Այսօր միակ մնայուն փաստարկը, որ մենք ունենք մեր ձեռքին' դա հայկական զինուժի կողմից Արցախի և շրջակա տարածքների լիակատար վերահսկումն է: Դա ձեռք է բերվել մեծ դժվարությամբ ու զոհողություններով, ի դեպ ոչ միայն մեր զինվորականների ջանքերի շնորհիվ, այլ նաև' Հայաստանի շարքային քաղաքացիների, որոնք նույնպես ամեն ինչով նպաստեցին 1992-94-ի Արցախյան պատերազմի հաղթանակին և ներկայիս կարգավիճակով այդ տարածքները պահելուն: Այսինքն' սա այն համազգային հարց է, որին հնարավոր չէ լուծում տալ ինչ որ նեղ շրջանակներում' առանց ժողովրդի կարծիքը հարցնելու:

 


Ընդհանրապես ցանկացած պատերազմ միշտ էլ ավարտվում է նմանատիպի խնդիրներով' ինչ որ մի երկրի վերահսկողության տակ կարող է հայտնվել տարածք, որը հակառակ կողմը համարում է իրենը: Բնական է, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ երկրների գոյատևման համար ամենամնայուն արժեքը' միշտ էլ ՀՈՂՆ է մնում, իսկ մարդկային կորուստները, որքան էլ որ մեծ ու ցավալի դրանք լինեն' պատերազմներից հետո տարիների ընթացքում հնարավոր է վերականգնել: Սա է ճշմարտությունը, և այդպես է եղել պատմության մեջ և 1-ին, և 2-րդ աշխարհամարտերից հետո:

 


Բերենք Լեհաստանի օրինակը. այս երկիրը բառացիորեն նորից հառնեց 1945-ից հետո' լրիվ նոր վերագծված սահմաններով, ըստ որի Լեհաստանի տարածքի մոտ կեսը դարձան բնիկ գերմանական հողերը: Եվ ընդհակառակը' միջնադարյան Եվրոպայի հայտնի քաղաքներից մեկը' Լեմբերգը (Լվով), որի պատկանելիությունը դարերի ընթացքում միշտ վիճարկում էին լեհերն ու գերմանացիները և որը 1920 թ. լեհերի հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ խորհրդային զորքերի դեմ՝ անցավ Լեհաստանին, հետո 1939-ին օկուպացվեց ԽՍՀՄ-ի, իսկ 1941-ին Գերմանիայի կողմից' ի վերջո Լվովը 1945-ին բոլոր կողմերի համաձայնությամբ տրվեց Ուկրաինային:

 


Մի օրինակ էլ մեր պատմությունից' մինչև վերջ իրատեսական լինելը բնավ էլ մեզ այսօր չէր խանգարի: Դեռևս 1920 թ. սեպտեմբերի ռուս-քեմալական քաղաքական գաղտնի պայմանավորվածության (դրա մասին, ըստ Խատիսյանի հուշերի, անկեղծության պահին Խատիսյանին ասել էր անձամբ Կարաբեքիրը)՝ սովետա-թուրքական սահմանն էր դառնալու Արաքս գետը: Բայց թուրքական զինուժը համենայնդեպս 1920-ի նոյեմբերից օկուպացրել էր Ալեքսանդրապոլն ու ողջ Շիրակի մարզը, և մնաց այնտեղ մինչև 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումը: Եվ միայն ապրիլի 22-ին թուրք օկուպանտները հեռացան քաղաքից' այն էլ խորհրդային կողմի բազմաթիվ ուլտիմատիվ նոտաները ստանալուց հետո:

 


Այստեղից հետևություն. տարբերակ 1-ին՝ կամ պատերազմներում ցանկացած գրավյալ տարածքներ պատերազմից հետո հանձնվում են անմիջապես' հստակ երկկողմանի վավերացված և հետագայում անբեկանելի միջպետական պայմանագրի դիմաց, կամ տարբերակ 1-րդ՝ այդ ամենն իրականացվում է է ողջ տարածաշրջանի քարեզի գլոբալ վերաձևումների արդյունքում' միջնորդացված միջազգային գերակա մարմնի ներքո: Իսկ երրորդը՝ ուղղակի չի լինում:

 

 

Ռուբեն Շուխյան