ՀՀ կառավարությունն այսօր լրացումներ և փոփոխություն է կատարել համեմատաբար վերջերս՝ ս.թ. հունւսի 4- ին ընդունած իր որոշումներից մեկում և բաստուրմա և սուջուխ արտադրատեսակների արտահանման գործընթացը կարգավորելու նպատակով հավանություն է տվել դրանց ազգային ստանդարտների մշակմանը: Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միության օրենսդրության համաձայն յուրաքանչյուր ապրանք արտադրող իր արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրումն ապահովում է արտադրանքի համար հաստատված ստանդարտին համապատասխանելու միջոցով:

 


Ի հավելումն ասվածի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ ԵԱՏՄ անդամ երկրներին հնարավորություն է տրվում հանդես գալ իրենց մշակած ազգային ստանդարտները տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկ ներառելու նախաձեռնությամբ: Այդ հնարավորությունից օգտվելու նպատակով էլ ստանդարտացման բնագավառի քաղաքականությունը սահմանելու լիազորությամբ օժտված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է բաստուրմայի և սուջուխի ազգային ստանդարտների մշակումը:

 


Ավելի վաղ խնդիրն արծարծել էր ս.թ. մարտ ամսին Երևանում գումարված «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով կլոր սեղանի մասնակից ՀՀ բիզնես հանրությունը: Այժմ՝ կառավարության որոշման ընդունմամբ, կապահովվի նշված սննդամթերքն արտադրողների կողմից տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:
Բացի այդ, գործարարների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն առանց խոչընդոտի ԵԱՏՄ տարածք արտահանել հայկական բաստուրման և սուջուխը: Արդիականացված փորձարկման մեթոդների կիրառումը կապահովի արդյունքների հավաստիության և ճշգրտության, արտադրանքի մրցունակության բարելավումը;

 

 

Մարինա Ներսեսյան