ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների ամփոփման համաձայն այս տարվա տաս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 3.5 տոկոս:
Հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շարունակում է աճ գրանցել արդյունաբերությունը՝ 4.6 տոկոսով, տաս ամսվա կտրվածքով կազմելով 1 տրիլիոն 62 միլիարդ 999.7 մլն դրամ։ Էական աճ է ապահովում գյուղատնետությունը ՝ 11.6 տոկոս: Ծավալը կազմում է 857 միլիարդ 711.4 մլն դրամ:

 


Շինարարության ոլորտը շարունակում է պահպանել 0.1 տոկոսանոց աճ, ծավալը՝ 304 միլիարդ 323.0 մլն դրամ: Ծառայությունների ոլորտը նույնպես արձանագրել է աճ՝ 2.8 տոկոս, կազմելով 960 միլիարդ 082.0 մլն դրամ:
էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.2 տոկոսով և կազմում է 6 միլիարդ 391.5 մլն դրամ:
Հայաստանում ընթացիկ տարվա առաջին տաս ամսվա կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 4.4 տոկոս, ընդորում, դա ԵԱՏՄ երկրների շրջանում արձանագրված գնաճի ամենացածր ցուցանիշն է: Բելառուսը արձանագրել է 13 տոկոս,Ղազախստանը՝ 9.4 տոկոս, Ռուսաստանը՝ 11.7 տոկոս և Ղրղզստանը՝ շուրջ 6 տոկոս գնաճ:

 


Շարունակում են բացասական մնալ ինչպես ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արձանագրելով 6.4 տոկոսանոց անկում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20 տոկոս: Ընդորում, արտահանումը կրճատվել է 2.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 26.6 տոկոսով: Առևտրաշրջանառության բացասական ցուցանիշը շարունակում է պայմանավորվել համաշխարհային տնտեսության և հատկապես տարածաշրջանային զարգացումներով, մասնավորապես՝ տարվա սկզբին արձանագրված ռուբլու աննախադեպ անկումով, մասնավոր ուղղակի ներդրումների և տրանսֆերտների կրճատմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրման և նոր տնտեսական կառույցի հետ փոխհարաբերվելու դեռևս անկատար իրավական և տեխնիկական բազայի առկայությամբ:
Համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները՝ նավթի և արդյունաբերական մետաղների գների աննախադեպ անկումը շարունակում է իր բացասական դերակատարումն ունենալ Հայաստանի արդյունաբերության ամենամրցունակ հատվածի՝ հանքարդյունաբերական ոլորտի շարութաբերության վրա: Արդյունաբերական գների ինդեքսը շարունակում է պահպանել բացասական դինամիկան կազմելով 1 տոկոս։
Այնուամենայնիվ ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականության աճի և գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ճյուղերի առաջարկի ավելացմամբ պայմանավորված հնարավոր կլինի ապահովել ապրանքների ու ծառայություննունների արտահանման իրական աճ:

 

Դա հնարավոր կլինի ներպետական մակարդակի ոլորտային բարեփոխումների իրականացմամբ, ԵԱՏՄ պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացների իրականացման նպատակով համակարգված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում, ինչպես նաև շուկաների դիվերսիֆիկացմանը ուղված նպատակային աշխատանքների իրականացմամբ ու համագործակցության ընդլայնմամբ:

 


Տնտեսական անկյուն