Առաջին Հանրապետության' անդրանիկ Կառավարությունը... Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ նախարար նախագահ (վարչապետ) Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, ֆինանսների և համատեղության կարգով' արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան:

 

1918 թվականի հուլիսի 24-ին Երևանում հրապարակված այս արխիվային փաստաթուղթը ներկայացնում է Հայոց Ազգային խորհրդի թիվ 1 հրամանագիրը' նորանկախ Հայաստանի Հանրապետության անդրանիկ Կառավարություն կազմելու վերաբերյալ: Այս հրամանագիրը միանշանակ կարելի է բացառիկ երևույթ համարել մեր նորագույն պատմության ժամանակագրության մեջ, քանի որ պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո' այն ազդարարեց հայկական առաջին ինքնիշխան գործադիր բարձրագույն կառույցի ստեղծումը' մեր իսկ հայրենիքում: Մինչդեռ խորհրդային տարիներին այն ամենը, ինչ կապված էր Առաջին Հանրապետության կարճատև պատմության և ընդհանրապես հայ ժողովրդի անկախության գաղափարի հետ' միտումնավոր նսեմացված և արժեզրկված էր ներկայացվում:

 

Նշենք, որ անկախության հռչակումից հետո, 1918-ի հուլիսի 19-ին, Ազգային խորհուրդը Թիֆլիսից վերջապես ժամանում է Երևան: Քաղաքական կուսակցությունների, Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվում է բարձրագույն օրենսդիր իշխանություն՝ Հայաստանի Ազգային խորհուրդ (հետագայում' խորհրդարան), որտեղ ընդգրկվում են 46 հոգի: Իսկ արդեն հուլիսի 24-ին հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության վերոնշված առաջին կազմը:

 

Ռուբեն Շուխյան