Սահմանադրությանը «ԱՅՈ» կամ «ՈՉ» ասելու, դրա շուրջ շոուներ, մարզային հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու, հասարակության շրջանում դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նկատմամբ հետաքրքրության ավելացման քայլերի ներքո լուրեր են տարածվում, թե նույն ամսին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունենալու Ս.Սարգսյանի ու Ի.Ալիևի հանդիպումը:

 


Շատերին սահմանադրական քարոզարշավի «իբր թոհ ու բոհ»-ի ներքո սա չի հետաքրքում: Սակայն նախատեսվելիք հանդիպումը, եթե այն կայանա, բավական հետաքրքիր ու ինչ-որ առումով ինտրիգային է լինելու: Ամենակարևորը՝ այն կլինի ՀՀ նախագահի ու Ադրբեջանի ղեկավարի առաջին հանդիպումը Ս.Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պետական հանձնաժողովի 6-րդ նիստում, ապա ՄԱԿ-ի Գլխ. Ասամբլեայում ունեցած հայտնի հայտարարությունից հետո: Նոր պայմաններում, երբ ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված ՀՀ-ի հրապարակային դիրքորոշման որոշակի փոփոխություններ արձանագրվեցին, դեկտեմբերյան հնարավոր բանակցությունները կամ գոնե հանդիպման հնարավորությունը, իհարկե, որևէ բեկում չի ապահովի: Սակայն հնարավորություն կտա կողմերին նոր պայմաններում՝ նախ հասկանալ իրավիճակը, ապա միմյանց ներկայացնել սեփական մոտեցումները:

 


Այս պարագայում չպետք է մոռանալ հետաքրքիր մի հանգամանք. ՀՀ Նախագահի ՄԱԿ-ի հայտնի ելույթներից հետո ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ-ը քննադատական որևէ կարծիք չհնչեցրեցին Ս.Սարգսյանի՝ «Հանձնաժողովի» ելույթում արտաբերված ...«Հայաստանը, իսկ, երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է...», ինչպես նաև ՄԱԿ-ի ամբիոնից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» քաղաքական ձևակերպման կիրառման նպատակահարմարության վերաբերյալ: Սա, որքան էլ շատերը չհամաձայնվեն, այնուամենայնիվ ցուցիչ է, որ կարծես ՀՀ մոտեցումը առնվազն որոշ համանախագահների համար ընկալելի, ու միգուցե ընդունելի է դառնում:

 


Մեզանում շատ տարածված է, հավանաբար ստերոտիպային տիրույթում, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի ֆորմատում առավելապես աջակցում է Ադրբեջանին: Որպես փաստարկ՝ բերվում են էներգետիկ գործոնները, ՀՀ-ՌԴ հարաբերությունները և էլի մի շարք հանգամանքներ (միգուցե դրա մեջ որոշակի վերապահումներով, առկա են ճշմարտության բաղադրիչներ՝ դիցուկ Մ.Բրայզայի մոտեցումները, ներկա ու նախորդ որոշ դիվանագետների առանձին կարծիքներ): Սակայն մի կարևոր ցուցանիշ, առնվազն, հակառակի մասին կարող է փաստել. ի տարբերություն ՌԴ-ի, ով մեր «ռազմավարական դաշնակից»-ն է ու ՄԽ-ի համանախագահ երկիր, ԱՄՆ-ը Ադրբեջանին զենք չի վաճառում (սրա համար ԱՄՆ-ը իհարկե կարող է ունենալ նաև մի շարք սեփական շահերից բխող հանգամանքեր ևս): Սա տեսանելի գործոն է, անկախ նրանից, թե որպես հիմնավորում դրա համար ինչ կարելի է մոգոնել:

 


Ինչևէ. ռեգիոնալ փոխակերպումների ներկայիս ակտիվ փուլում, որից անմասն, հավանաբար, չենք մնա նաև մենք, բավական մոտ ապագայում տեսանելի կլինեն, թե որքանով են, ասենք, ամերիկյան մոտեցումները «փոխակերպվել» ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում: Այսօր ամերիկառուսական կարգավորման միտումները, ինչպես նաև Իրանի ավելացող դերակատարումը ցույց են տալիս, որ մեր փոքր տարածաշրջանում մեծ պատերազմ ամենից շատ անհրաժեշտ չէ հավանաբար հենց Վաշինգտոնին, ու նա կարծես ամեն ճնշում կգործադրի ( ու կարծես արդեն սկսել է) հեռու պահելու նման սցենարի գործուրկումը:

 

Ալեն Ղևոնդյան