Գարեգին Նժդեհ. «Աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը»... Դեռևս 1926 թվականին Նժդեհը գրում էր. «Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է' զուր կորուստներ ունենալը: Այսինքն՝ անցյալի դեպքերից խրատվել ու սթափվել չիմանալը: Իսկ ավելի պարզ՝ աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ և հենց իրենք՝ ժողովուրդները» («Բաց նամակներ հայ մտավորականությանը»):


Այս տարի լրացավ ցեղասպանության 100-ամյա տարելիցը, սակայն բացի պաշտոնական միջոցառումներից, մենք այդպես էլ, կարծում եմ, չկարողացանք անաչառ ու բազմակողմանի վերլուծել մեր ազգային մեծագույն աղետի պատճառների բոլոր հանգամանքները: Ինչո՞ւ այդքան դյուրահավատ ու կարճատես եղանք 1914-ի սեպտեմբերին ռուսական ցարի արված կոչին՝ հայկական կամավորական ջոկատներ կազմել ռուսական զորքի ներքո և ապստամբությունների պատրանք ստեղծել Արևմտյան Հայաստանում՝ դրանով փաստացի մահածու հարվածի տակ դնելով արևմտահայությանը:

 

Ինչո՞ւ պատմական վճռորոշ պահին ռուսական գլխավոր հրամանատարությունը 1915-ի հուլիսին ետ քաշեց իր զորքերը Կովկասյան ռազմաճակատից: Ինչո՞ւ 1916-ին ռուսական կառավարությունը հայաթափված Արևմտյան Հայաստանում չէր թույլատրում վերադառնալ ցեղասպանությունից փրկված հայերին՝ փոխարենը այդ գրավյալ տարածքները բնակեցնելով ռուս կազակներով:

 

Այս բոլոր հարցադրումները մեր համար այդպես էլ մնում են փակի տակ՝ չպարզաբանված ու չլուսաբանված:


Նկարում, որպես մշտական հիշեցում այդ ամենի վերաբերյալ՝ «Մոխիրներից հառնող Մայր Հայաստան» բրոնզաձույլ հուշարձանն է Լոս Անջելեսում, «Արարատ-Էսքիջյան» ազգագրական թանգարանի բակում։ Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ցեղասպանությունը վերապրածներին: Պատկերում՝ երեխային փրկող հայուհին երկու ոտքերով կանգնած է Արարատ լեռան գագաթներին: Հուշարձանի կրկնօրինակը՝ մի փոքր այլ տարբերակով, տեղադրված է նաև Երևանում՝ ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։

 

Ռուբեն Շուխյան