«Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը' Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

 


ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժեց Կոսովոյին. Ինչո՞ւ դեմ քվեարկեց Հայաստանը
Նոյեմբերի 10-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 38-րդ գլխավոր կոնֆերանսին տեղի ունեցած քվեարկությունը, որի արդյունքներով պետք է որոշվեր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Կոսովոյի անդամակցել-չանդամակցելու հարցը, հայկական մամուլում և ընդդիմադիր որոշ շրջանակներում ոչ ադեկվատ գնահատանքի արժանացավ, որը սակայն հանգամանալից վերլուծության պարագայում միանգամայն ցույց է տալիս Հայաստանի քվեարկության պրագմատիկ բնույթը:

 


Հայաստանն այն 50 երկրների թվում էր, որը դեմ քվեարկեց Կոսովոյի անդամակցությանը, և այս անգամ ևս գտնվեցին ոմանք, ովքեր առանց խորը վերլուծության և հեռատես հաշվարկներ կատարելու՝ Հայաստանին մեղադրեցին «Ռուսաստանի թելը թելելու մեջ»:


Մասնավորապես բավական տարօրինակ էր Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատականը, ով, Հայաստանին համեմատելով Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի հետ, ՀՀ իշխանություններին մեղադրում է Ռուսաստանի «կլիենտ» լինելու և սեփական շահը Ռուսաստանին ստորադասելու մեջ: Ինձ համար առնվազն զարմանալի է, որ իմ գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավորը, ով ժամանակին զբաղեցրել է դեսպանի և ԱԳ նախարարի պաշտոնները, կարող էր նման որակումներ տալ՝ հստակ իմանալով Կոսովոյի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման մասին։

 


Փորձենք ներկայացնել ընդամենը մի քանի հիմնավոր պատճառ, որոնց վրա հիմնվելով Հայաստանը դեմ է քվեարկել: Արզումանյանի խոսքերից թյուր պատրանք է ստեղծվում, թե դեմ են քվեարկել միայն այն երկրները, որոնք Ռուսաստանին կողմն են, սակայն բավական է միայն աչքի անցկացնել դեմ քվեարկած երկրների ցուցակը, երբ պարզ կդառնա, որ, ի թիվս այլ երկրների, Կոսովոյի անդամակցությանը դեմ են եղել նաև Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Չիլին, Բոլիվիան, Ուրուգվայը, Վենեսուելան, Պարագվայը, Մեքսիկան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, որն ի դեպ ամենամեծ մուսուլմանական երկիրն է, Հարավային Աֆրիկան, Վրաստանը, Պաղեստինը, Ֆիլիպինները; ԵՄ անդամ երկրներից՝ Սլովակիան, Իսպանիան, Կիպրոսը և շատ այլ երկրներ:

 


Վերը նշված երկրների ցանկին մեկ հպանցիկ հայացք անցկացնելն էլ բավական է համոզվելու համար, որ դեմ քվեարկածներից ոչ բոլորի կարելի է մեղադրել Ռուսաստանի պատվերը կատարելու մեջ։ Եվ առհասարակ, ինչպես դեռ տարիներ առաջ ասել էր նախագահ Սարգսյանը. «Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը' Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

 


Եվ վերջապես, Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի Սերբիայի հետ, որի ամենավառ ապացույցներից մեկը այս տարի ապրիլի 24-ին Սերբիայի նախագահի ներկայությունն էր Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Այդ հարաբերությունների, հայ-սերբական դարավոր բարեկամությունը հայկական կողմի չի ցանկանա խաթարել:

 


Սրանք ընդամենը մի քանի օրինակ էր, որոնք հաշվի առնելով Հայաստանը և քվեարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, իսկ կան նաև այնպիսիք, որոնք առհասարակ հրապարակման ենթակա չեն, և ամեն անգամ, նախքան արտաքին քաղաքական որևէ որոշման վերաբերյալ «վերլուծություն» կատարելը, պետք է խուսափել տեղեկատվության կամ փորձի պակասից բխող սխալ եզրահանգումներից։

 

 

Նաիրա Կարապետյան