Առաջին պահածոյի գործարանը Երևանում... Երևանում մրգերի և բանջարեղենի պահածոյացված արտադրության և առաջին պահածոյի գործարանի հիմնադիրն է հանդիսանում հայ գործարար Պետրոս Մարտիրոսի Էսապյանը (Էսապով):

 

Պետրոս Էսապյանը ծնվել է Երևանում 1871 թվականին: Ավարտելով Երևանի քաղաքային գիմնազիան, նա մեկնում է Եվրոպա և շարունակում ուսումը եվրոպական բուհերում, որտեղ էլ սովորում և մասնագիտանում է մրգանյութի կոնսերվացման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Վերադառնալով Երևան, Էսապյանը սկզբում հիմնում է պահածոների փոքր արտադրություն, որը կարճ ժամանակում բավականին հաջողությունների է հասնում: 1903 թ. Էսապյանը հիմնադրում է արդեն իր մեծ պահածոյի գործարանը, որտեղ տեղադրվում են Եվրոպայից բերված տեխնոլոգիական մեքենաները: Պահածոների գործարանը տեղակայված է եղել Հանրապետության (Գուբերնսկայա) և Դեղատան փողոցների խաչմերուկի հատվածում: Ներկայումս շինությունների այդ համալիրը չի պահպանվել՝ մասնակիորեն մնացել է միայն առանձնատան ճակատային մասը:

 

1911 թվականին Էսապյանն իր գործարանում ներդնում է Հարավային Կովկասում առաջին մեխանիկական հոսքագիծը՝ գերմանական արտադրության բարձրակարգ մեքենաներով: Ուշագրավ է, որ գործարանը արտադրում էր նաև կոնսերվացված պտղանյութի լցոնման և երկարաժամկետ պահպանման համար անհրաժեշտ ապակյա ու թիթեղյա տարաներ: Արտադրանքը արտահանվում էր Ռուսաստան, Եվրոպա և ուներ բավականին մեծ պահանջարկ: Բացի տարբեր մրգային պահածոներից, գործարանում արտադրվում էր նաև լոլիկի տոմատ և թթու դրած վարունգ:

 

Պետրոս Էսապյանի պահածոյի գործարանի արտադրության նմուշները ցուցադրվել են միջազգային տարբեր ցուցահանդեսներում և արժանացել բազմաթիվ պարգևների: Փաստագրված է, որ 1905-1908 թթ. Էսապյանի արտադրանքը ստացել է բարձրագույն պարգևներ Բրյուսելում, Լոնդոնում, Հռոմում և Վիեննայում անցկացված միջազգային ցուցահանդեսներում՝ Արարատյան դաշտավայրի ծիրանի և լոլիկի յուրահատուկ ու անկրկնելի համը բառացիորեն գերել էր ողջ Եվրոպան:

 

1921-ին գործարանը ազգայնացվեց: Բայց համապատասխան բարձրակարգ մասնագետների պակասի պատճառով՝ Պետրոս Էսապյանին որոշ ժամանակ անց ստիպված են լինում ետ կանչել գործարան, որտեղ նա, իր իսկ հիմնած սեփական գործարանում, աշխատեց արդեն որպես սովորական մասնագետ-խորհրդատու մինչև իր մահի՝ 1935 թվականը:

 

Ռուբեն Շուխյան