Ինչո՞ւ կործանվեցին Կարսն ու Առաջին Հանրապետությունը... Այս օրերին լրացավ հայոց Կարսի անկման՝ մեզ համար պատմական այդ խարանի 95-ամյակը: Եվ ընդհանրապես. այս ամիսը կարելի է համարել Հայաստանի առաջին անկախ Հանրապետության կործանման 95-ամյա պատմության մի յուրօրինակ հիշեցում-ահազանգ մեզ բոլորիս՝ և առաջին հերթին ներկայիս անկախ Հայաստանի քաղաքացիներին: Ինչո՞ւ դա եղավ. չէ որ պարզից էլ պարզ էր, որ հայոց Կարսը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խորհդանշական բանալին ու այն ոչ մի դեպքում չէր կարելի զիջել թշնամուն: Ցավոք, այս ամենի մասին մինչ հիմա չկա որևիցե բազմակողմանի ու անաչառ վերլուծություն, և ամեն ինչ մեզ համար մնում է մշուշոտ ու չբացահայտված, և լոկ՝ հուզական ոլորտում:

 

Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել «արտաքին ուժերի» գործոնի վրա ու մի կողմ քաշվել: Լավ, ընդունենք, որ թուրքներն ու ռուսները, ոտնահարելով մեզ, համատեղ «հարցեր էին լուծում» պատմական այդ խառը ժամանակահատվածում՝ զուտ իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով: Բայց ո՞ւր էր այդ ժամանակ այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված ազգային անկախ պետականության պահպանման մեր, հայերիս, բնազդը: Չէ որ հենց դա պետք է հանդիսանար այդ ցավալի իրադարձությունների վրա հակազդող կարևորագույն «հայկական գործոնը», որը ցավոք այդ ճակատագրական պահին ուղղակի ի սպառ բացակայում էր մեզ մոտ:

 

Որքան էլ որ տխուր լինի հիմա մեզ համար ընդունել, եկեք ի վերջո փաստենք, որ Կարսի և դրա հետ մեկտեղ նաև Հանրապետության կործանման մեջ որոշակի «դերակատարում» ունենք նաև մենք, հայերս: Ներկայումս տարբեր կարծիքներ կան այդ իրադարձությունների վերաբերյալ, և նաև այն, որ հայոց հնագույն բերդաքաղաքի անկումը պայմանավորված էր այնտեղ տեղակայված հայկական բանակի «հայախոս» և «ռուսախոս» սպաների չհաշտվելու և անհամաձայնության հետ: Այդ ամենն իհարկե ենթակա է ավելի խորը ուսումնասիրման, բայց թերևս անբեկանելի է այն փաստը, որ Կարսում կար զենք ու զինամթերք, կային պարեն ու հանդերձանք, բայց՝ ոչ ոք չկրակեց ու չկռվեց, անգամ չփորձեց գոնե կազմակերպել քաղաքի ու շրջակայքի տարրական պարեկությունը: Իսկ որոշակի դիմադրության դեպքում գուցեև հնարավոր լիներ ինչ որ կերպ փոխել 1920 թվի նոյեմբերյան այդ աղետալի պատկերը հօգուտ մեզ: Նորից հիշենք Նժդեհի հայտնի խոսքը. «Ուժն է ծնում իրավունք»:

 

Մենք միշտ լռել ենք այն փաստի մասին, որ Կարսը իրականում ոչ թե ուղղակի գրավվել է թուրքերի կողմից, այլ այն ժամանակվա չափանիշներով տարածաշրջանի մի մեծ քաղաք՝ իր բնակչությամբ, բանակով, զենք-զինամթերքով ու գերագույն հրամանատարական կազմով հանդերձ՝ անսպասելի կերպով ընկել է լիակատար շրջափակման մեջ: Եվ ավելին. այդ «գործողության» ակամա կատարողն էր՝ բառացիորեն ցնցոտիներով ու սովալլուկ փոքրաթիվ մի զորամիավորում, որի դիվային հրամանատարը «չնստեց թախտին ու չսպասեց բախտին», ինչպես դա արեցին հայ բարձրաստիճան սպաները Կարսի բերդում, այլ սառնասրտորեն կատարեց իր «սև» գործը՝ աքցանի մեջ առնելով Կարսն ու հարցը լուծելով հօգուտ իրեն: Եվ այդ ամենը՝ հերթական անգամ հայկական արյան հաշվին:

 

Դրա մասին չի ասվում, դրա մասին մենք լռում ենք, բայց արդյո՞ք ժամանակը չէ պարզ ու շիտակ բացահայտենք այն բոլոր դժբախտությունները, որ եղան մեզ հետ 1920-ին, և արդյո՞ք միայն թուրքն ու ռուսն էին մեղավորը այդ ամենում: Իսկ ո՞ւր էր հայը, երբ այդ կռիվն ի դեպ իր իսկ հայրենիքի համար էր: Այդ ամենին գումարած հայ բոլշևիկների դավաճանական ապազգային խարդավանքները, որոնք միայն անկախ Հայաստանի ոչնչացման մոլուցքով էին տարված՝ ի հակակշիռ իրենց վրացի ու ազերի «գործընկերների», որոնք ամեն հնարավորինն արեցին՝ առաջին հերթին հօգուտ իրենց երկրամասերի շահերի: Այսքանից հետո հարց է ծագում. արդյո՞ք մենք լավ ենք սերտել մեր պատմության այդ դառնագույն դասերը: Իսկ դա մեզ այսօր շատ է անհրաժեշտ:

 

Նկարում. քաղաքային գիմնազիայի շենքը Կարսում, կառուցված հայ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով 1900-ականների սկզբին՝ երբեմնի հայկական քաղաքի լուռ վկաներից:

 

Ռուբեն Շուխյան