Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով ընտրված Հանրապետության նախագահի իշխանության հակակշիռը ոչ թե Ազգային ժողովի նախագահն է, այլ Ազգային ժողովն ինքը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Օրենսդիր իշխանությունն իրականացնելուց բացի այն «վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ»:

 


Դրանք շարադրված են Սահմանադրության նախագծի 34 հոդվածում, մինչդեռ Հանրապետության նախագահին հատկացված է 12 հոդված: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահին, ապա 3 կետից բաղկացած մեկ հոդվածը բավական է եղել, որպեսզի շարադրվեն Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և Ազգային ժողովի խորհրդի գործառույթները: Ահա այդ հոդվածը, որը 104- րդն է.

 


«1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 


2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

 


3. Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ»:

 


Սահմանադրության նախագծում կառավարությանը հատկացված է 15 հոդված: Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու վարչապետի ընտրության և նշանակման մանրամասներին: Այժմ տեսնենք, թե նախագիծն ինչ է առաջարկում կառավարության հրաժարականի վերաբերյալ. «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը»: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»:

 


Այսպիսով, համառոտ անդրադարձանք Սահմանադրական բարեփոխման նախագծի այն հոդվածներին, որոնք վերաբերում են Հանրապետության երեք գլխավոր պաշտոնների' Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, վարչապետի ընտրությանը, նշանակմանը և գործառույթներին:

 

 

Նարեկ Սարգսյան