ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրել է մի շարք ոլորտների կարգավորման դրվածքը և կառավարության առաջիկա՝ հոկտեմբերի 22- ի նիստում քննարկելու համար առաջարկել երկու նախագիծ:

 


ՈՒսումնասիրելով ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերը, կենտրոնն արձանագրել է, որ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5- ի «Բորսային /ոչ ֆոնդային/ առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և բորսային /ոչ ֆոնդային/ առևտրի գործունեության արտոնագիրը հաստատելու ձևը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվում է այդ կարգը, սակայն 2005թ. ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ նման արտոնագիր չի նախատեսվում:

 


Կենտրոնն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել վերը նշված որոշումը և դրանով իսկ հստակեցնել ոլորտի կարգավորումը: Հաջորդ որոշման նախագծով արձանագրվել է, որ գործադրի 2010թ. ապրիլի 29- ին հաստատած պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություն բովանդակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման կարգում հստակ սահմանված չեն գործընթացի ժամկետները, ինչպես նաև կարգավորվող բիզնես գործընթացներն հնարավոր է իրականացնել ավելի կարճ ժամկետներում: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն այս դեպքում առաջարկում է գործող կարգում հստակեցնել և կրճատել ժամկետները:

 


Որոշման նախագծին կցված հիմնավորման համաձայն 2012թ. ընթացքում պետական գրանցում են կատարել 20 հազար 691 իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր, որոնք ծախսել են 1 մլրդ 499 մլն 177 հազար 640 դրամ: Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ ծախսը կկրճատվի 34 մլն 144 հազար 200 դրամով կամ 2,28 տոկոսով: Ձեռնարկատիրության ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայվում են, քանի որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն:

 

 

Կարեն Մկոյան