Նոր հազարամյակում ՀՀ արտաքին քաղաքականությունում մեծ կարևորություն են ստանում հայ-իրանական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները: Խնդրի կարևորությունն այն է, որ Իրանը նոր հազարամյակի շեմին կանգնած է քաղաքական մեծ փոփոխությունների ու զարգացումների առջև և, բնականաբար, դրանք էլ իրենց հետքն են թողնելու տարածաշրջանում:
Հայ-իրանական հարաբերությունները զարգացում են ապրեցին հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը պետականություն ձեռք բերեց, նշենք նաև, որ այդ հարաբերություները բավականին բարձր մակարդակի վրա են:
Տնտեսական հարաբերությունները դեռևս այդքան էլ լայն ծավալների չեն հասնում, որովհետև Իրանի հետ առևտրային շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, այն դեպքում, երբ Հայաստանի ընդհանուր արտաքին շրջանառությունը 5 մլրդ դոլար է։

 


Երկու հարևան երկրների կարևորագույն քաղաքա-տնտեսական նախագիծը կարելի է համարել «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում նախատեսված հայ-իրանական երկաթգծի կառուցումը, որն այսօր օրակարգային հարց է: Երկաթգծի կառուցումը ՀՀ համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ անկախությունից հետո առաջին իսկ պահերից հանդիպեցինք թուրք-ադրբեջանական շանտաժին։ Փորձ արվեց և այսօր էլ շարունակվում է կոմունիկացիոն կախվածությունը օգտագործել և ներկայացնել իբրև Հայաստանի դեմ ճնշում՝ անհարկի, միակողմանի զիջումներ պարտադրելու համար։ Եթե նախատեսված երկաթգծի կառուցումը կյանքի կոչվի, որով տրասպորտային ուղղակի կապ կհաստատվի հեռավոր արևելյան շուկաների հետ, հնարավորություն կլինի դուրս գալ Պարսից ծոց, ինչը կընձեռի ավելի մեծ վստահություն և ինքնուրույնություն և՛ արցախյան, և՛ հայ-թուրքական բանակցություններին:

 


Հայաստանին անհրաժեշտ է ռազմական առումով հզոր և զարգացած տնտեսություն ունեցող դաշնակից Իրան: Մինչդեռ այսօր, եթե Իրանի ռազմատնտեսական կարողությունները համեմատենք Թուրքիայի համանման հնարավորությունների հետ, ապա պարզ կդառնա, որ վերջինս, օգտվելով ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքից, կարողացել է իր բանակը զինել գերարդիական զենքերով ու տեխնիկայով ու դրա շնորհիվ հավակնում է դառնալ տարածաշրջանային գերտերություն: Մինչդեռ Ռուսաստանից Իրանին տրվող օգտագործած զինտեխնիկան հազիվ թե բավարարի զինված լինելու տեսակետից համարժեք մարտունակ բանակ ունենալու Իրանի պահանջները: Իհարկե, վերջերս իրանական բանակը համալրվում է միջին հեռահարության նոր հրթիռներով, նոր ինքնաթիռներով, զինտեխնիկայով և այլն, բայց դա «ջրի բավարար պաշար չէ մեծ անապատում»:
1979 թվականին շահի իշխանության տապալումից հետո Իրանը և՛ տնտեսական պատժամիջոցների մեջ ընկավ, և՛ զրկվեց արեւմտյան ռազմատեխնիկական օգնություններից: Սակայն մինչ այդ Իրանն ուներ բոլոր այն զինատեսակները, որոնք օգտագործվում էին ԱՄՆ-ի բանակում՝ բացի միջուկային զենքից: Իրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների վերացնելուց հետո տրամաբանական է, որ ԱՄՆ-Իրան կամ՝ Եվրոպա-Իրան համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կընձեռի ավելի հզոր դաշնակից ունենալ տարածաշրջանում՝ հանձինս Իրանի:

 


Ի դեպ հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են բազմաթիվ մետական մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ:
Հայ-իրանական հարաբերությունները կթեւակոխեն նոր՝ որակապես ավելի բարձր փուլ, որտեղ երկկողմանի դաշնակցային հարաբերություններն ավելի շոշափելի արդյունք կգրանցեն, և ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում կամրապնդեն հայերի և իրանցիների դիրքերը:

 

Արմեն Հովասափյան