Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որի' թուրքական ռազմական ուղևորատար ուղղաթիռները հոկտեմբերի 6-ին և 7-ին, 2-4 րոպե տևողությամբ հայ-թուրքական սահմանի հատում են իրականացրել: Ըստ «Հրապարակ» օրաթերթի, այս միջադեպի մասին լուրը հաստատել են նաև ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում: Նշվում է, որ ուղղաթիռները շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Թուրքական կողմը բացատրել է, որ դա տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված, բայց ի վերջո ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել:

 


Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ այդ դեպքի առնչությամբ հայկական կողմը պաշտոնապես չի հղել համապատասխան բողոքի նոտա թուրքական կողմին: Հիշենք, երբ ամիսներ առաջ մեր ուղղաթիռը դավադրաբար խփվեց Արցախում' հակառակորդի «պատճառաբանությունը» ընդամենը նա էր, որ իբր մեր ուղղաթիռները սահմանային գծին «շատ էին մոտեցել»:

 

Կամ նայենք, թե օրեր առաջ ինչ մեծ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել թուրքերը' ռուսների կողմից իրենց հարավային օդային սահմանի խախտումից հետո' մինչև իսկ բացատրությունների համար երկու անգամ իրենց մոտ կանչելով ռուս դեսպանին:
Ակնհայտ է, որ Թուրքիան ներկայումս գտնվում է օր-օրի խորացող դիվանագիտական ծուղակի մեջ' մի կողմից' ռուսներն ու ամերիկացիները, մյուս կողմից էլ' քրդերն ու իսլամիստները: Կարծում եմ, շատ տեղին կլիներ մի դիվանագիտական «ճակատ» էլ մեր կողմից «նվիրաբերվեր» թուրքերին' վերոնշված դեպքի առնչությամբ հղելով միջազգայնորեն ընդունված համապատասխան բողոքի նոտա: Թե չէ կարող է ստացվել ֆուտբոլային այն հայտնի սկզբունքի համաձայն. եթե չես կարողանում գոլ խփել' ուրեմն գոլ կստանաս քո դարպասին:

 

Ռուբեն Շուխյան