ՀՀ էներգետիկ ոլորտուի առկա իրավիճակում ՀԵՑ-ի վաճառքը թերևս լավագույն լուծումն էր: Գաղտնիք չէ, որ վերջինիս այսպիսի վիճակը գերազանցապես պայմանավորված էր «Ինտեր ՌԱՕ» ընկերության պաշտոնյաների անարդյունավետ կառավարմամբ, ինչի արդյունքում էլ սույն թվականի հունիսի 17-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մասնակի բավարարեց ՀԷՑ-ի դիմումը՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով 6,93 դրամով:
Ստացվում է, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը տեղի չունենար, բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ պատմությունը կկրկնվեր և սակագնի վերանայման խնդիրը կրկին արդիական կդառնար: Այս պայմաններում չափազանց կարևոր է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը պայմանագրով պարտավորվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները:
Եթե փորձենք վերլուծել այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիայի ներկայիս սակագնի ձևավորման ժամանակ տեխնոլոգիական և առևտրային կորուստների հաշվարկային մեծություն է ընդունվել 11,2%-ը, ապա կարող ենք փաստել, որ համակարգում ահռելի կորուստներ կան և այդ կորուստների նվազեցումը կենսական նշանակություն ունի համակարգի առողջացման համար:

 

Վերջինս շատ բարդ իրագործելի խնդիր է, հատկապես նման կարճ ժամանակահատվածի համար: Ինչ վերաբերվում է միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգի ներդրմանը, ապա ISO ստանդարտների և որակի կառավարման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես բարձրացնել համակարգի կառավարման արդյունավետությունն ու բացառել անարդյունավետ կառավարման հետևանքով պարտքերի կուտակումը, անհարկի ծախսերի կատարումը և այլն: Այս ամենը Հայաստանի էներգահամակարգի հետագա զարգացման կարևորագույն նախադրյալներն են:
Եթե փորձենք անկեղծ լինել, ապա դատելով դրված խնդիրներից՝ «Տաշիր» խումբը բավականին բարձր նշաձող է վերցրել: Բայց միաժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընկերության համար էներգետիկ ոլորտը նոր չէ և անգամ, ինչ-որ իմաստով, հարազատ է:

 


Հարկ է նշել, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը ավելի քան 10 տարի գործունեություն է ծավալում Ռուսաստանի էներգետիկ ոլորտում և մատուցում է բավականին բազմազան ծառայություններ: Այս ընկերության մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ այն ունի մոտ 3.000 աշխատակից և գործունեություն է ծավալում Ռուսաստանի ողջ տարածքում: Այսպիսով ուրախալի է, որ ՀԷՑ-ի էներգետիկ ակտիվների կառավարմամբ զբաղվելու է արդյունավետ գործունեություն ծավալող, կառավարման կայուն համակարգ ունեցող ընկերություն: Ուստի կարծում եմ Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման համար բոլոր նախադրյալները կան:

 

Կարեն Մկոյան