2015-ը դեռ պահում է իր տնտեսական լարված վիճակը: Մասնավորապես պետ բյուջեի մուտքերի կատարողականն այս տարի լարված է, քանի որ տնտեսական աճի կառուցվածքով պայմանավորած՝ հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքին համարժեք չեն ավելանում։ Վերջինս ստիպում է առավել զգուշություն ցուցաբերել հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի եկամուտները պլանավորելիս, ինչն էլ հաշվի առնելով կառավարությունը փոխել է բյուջեի ձևավորման ռազմավարությունը։
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ակնկալվող եկամուտների դիմաց փորձ է արվել ավելի մեծ չափով խթանել ծախսերը, քանի որ եկամուտների համեմատ ծախսերի առաջանցիկ ավելացումը կարևոր է առաջին հերթին համախառն պահանջարկի ձևավորման առումով, որն էլ նպաստավոր ազդեցություն ունի տնտեսական գործունեության ակտիվացման համար։

 


Ըստ էության բյուջեի եկամուտները նույնիսկ չավելացնելու պարագայում՝ կառավարությունը նախատեսում է 2016թ. ավելի քան 68 մլրդ դրամի հավելյալ ծախսեր կատարել։ Վերջինս առաջին հայացքից սա նույնիսկ կարող է տարօրինակ թվալ, սակայն այն միանշանակ դրական նշանակություն ունի տնտեսության համար։
Հատկանշական է, որ բյուջեի հավելյալ գումարների հաշվին ծախսերի աճ է նախատեսվում պաշտպանության ոլորտում, ինչի նպատակով հատկացվող գումարներն ավելացել են 9 մլրդ դրամով։ Աճել են տրանսպորտի ոլորտի ծախսերը։ Հաջորդ տարի կառավարությունը մտադիր է այստեղ իրացնել ավելի քան 54 մլրդ դրամ։ Ընդ որում, հիմնական մասը ճանապարհաշինության նպատակով։

 


Ավելացվել են նաև կրթությանը հատկապվող ծախսերը՝ 125,7 մլրդ դրամից հասնելով 132,1 միլիարդի։ Սոցիալական պաշտպանությանն ուղղված բյուջետային գումարները եւս համալրվել են։ Դա արտահայտվել է գերազանցապես կենսաթոշակային միջոցների ավելացման հաշվին։ 283,8 մլրդ դրամից դրանք հասել են 293,7 միլիարդի։
Նվազել են առողջապահության, մշակութային ծառայությունների հատկացումները։ Գործադիրը կրճատել է նաև սեփական պահուստային ֆոնդը՝ 18 միլիարդից իջեցնելով 8 մլրդ դրամի։ Նվազեցվել են նաև գործուղումների և, այսպես կոչված, շրջագայությունների ծախսերը։

 


Տնտեսական անկյուն