Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից դեպի Եվրոպա տեղի ունեցող փախստականների զանգվածային տեղաշարժերը նոր և բավական լուրջ բիզնեսի հնարավորություններ են ընձեռել մաքսանենգությամբ զբաղվող տարաբնույթ հանցավոր խմբավորումների համար:
Այսպես, Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ միայն ընթացիկ տարում արդեն ավելի քան 464 հազար մարդ է ապօրինի կերպով հատել Միջերկրական ծովը՝ հասնելով Եվրոպա, շուրջ 3000-ն էլ մահացել է ճանապարհին: 

 

 


Այս համատեքստում, Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) ղեկավար Ռոբ Ուեյնրայթի հաղորդմամբ՝ միայն այս տարվա ընթացքում ոստիկանական կառույցին հաջողվել է տեղեկություններ հավաքել մարդկանց ապօրինի տեղափոխումներով զբաղվող 30 հազար անձանց և նրանց հանցակիցների մասին, մինչդեռ Եվրոպոլն ամբողջ աշխարհամասի մասշտաբով ներկայում իրականացնում է ընդամենը 1400 հոգու հանցավոր գործունեության հետաքննություն:

 

 


Մարդկանց ապօրինի տեղաշարժերին առնչվող գործունեությունն իրենից ենթադրում է հանցավորության միաժամանակ մի քանի ոլորտներ՝ արտագաղթել ցանկացողների հավաքագրում, կեղծ փաստաթղթային ձևակերպումներ, տարաբնույթ ներերկրային տեղափոխություններ, մաքսային սահմանների հատում և այլն: 
Այս համատեքստում, առանձնահատուկ ուշադրության է արժանի հետևյալ առանցքային իրողությունը: Մերձավոր և միջինարևելյան մի շարք երկրներից դեպի Եվրոպա ձգտող տասնյակ հազարավոր գաղթականներից միայն Սիրիայի քաղաքացիների համար են ստեղծված ընդունման, տեղաբաշխման, փաստաթղթային ձևակերպման բացառիկ արտոնյալ պայմաններ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը միջազգայնորեն հռչակված է՝ որպես ներքին զինված հակամարտություն (քաղաքացիական պատերազմ):

 

Այդ իսկ պատճառով հանցավոր գործունեության առանձին լայն ալիք էլ գործում է սիրիական անձնագրերի կեղծման ուղղությամբ: Այսինքն, դեպի Եվրոպա ձգտող, ասենք, իրաքցիները, աֆղանցիները, պակիստանցիները, իրանցիները և այլն, ի սկզբանե ձգտում են ձեռք բերել սիրիական անձնագիր՝ հետագայում Եվրոպայում առավել բարենպաստ իրավական պայմաններ ապահովելու հեռանկարով: Իսկ սիրիական անձնագրեր կեղծող հիմնական հանցավոր խմբավորումները գործում են Թուրքիայի, մասմաբ նաև՝ հենց Սիրիայի տարածքում:
Օրինակ, Սիրիայի տարածքում հավատարմագրված հոլանդացի լրագրող Հարոլդ Դուրնբոսն ընդամենը 850 դոլարով գնել է սիրիական անձնագիր, որում կեղծարարները ներդրել են Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտի լուսանկարը: Ըստ Հոլանդացի լրագրողի՝ «Փաստաթուղթը պատրաստվել է ընդամենը 40 ժամվա ընթացքում: Այդ անձնագրով հնարավոր է մեկնել, ասենք, Կիպրոս կամ Հունաստան, ապա նաև՝ արևմտաեվրոպական երկրներ»: Իսկ լրագրողի նման գործողության նպատակն է՝ ցույց տալ աշխարին, թե որքան հեշտությամբ կարող են նաև «ջիհադականները կամ ահաբեկիչները հայտնվել Եվրոպայի տարածքում»:

 

 


Փաստաթղթային իրողությունների հետ կապված հաջորդ կարևոր հանգամանքը կապված է սիրիական իշխանությունների նոր գործելաոճի հետ: Բանն այն է, որ վերջինները, նաև երկրի ֆինանսական կարողություններն արտարժույթով համալրելու նպատակով, արդեն մի քանի ամիս է, ինչ քաղաքական որոշում են կայացրել՝ ինչպես բուն երկրում, այնպես էլ հարևան պետություններում՝ Լիբանանում, Հորդանանում, որպես փախստական հաստատված սիրիացիներին ընդամենը 400 դոլարի դիմաց տրամադրել այնպիսի անձնագրեր, որոնց միջոցով ՍԱՀ քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել նաև բոլոր այն երկրներում, որոնց հետ Սիրիան չունի վիզային ռեժիմ. նման անձնագրերի համար, որոնք իրենք՝ սիրիացիները բնութագրում են որպես՝ «այցետոմս դեպի Եվրոպա», զանգվածային հերթեր են կուտակվում Սիրիայի և Հորդանանի համապատասխան հաստատությունների առջև:

 


Այսպիսով, Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակը, դրա ազդեցությամբ տեղի ունեցող մի շարք գործընթացներ կարծես հուշում են, որ առկա իրողություններում հստակ են որոշ արհեստական միտումներ, ինչի հեռանկարը մերձավորարևելյան հակամարտությունների և դրանցով պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված որակապես նոր իրավիճակի ստեղծումն է:
Հ.Գ. Կցված նկարում Նիդերլանդների վարչապետի նկարով՝ սիրիական անձնագիրն է: 

 

 


 

 

 

 

Արմեն Պետրոսյան