Հայաստանը, որը դեռ նորմալ չէր հասցրել ժողովրդավարանալ, արդեն անցնում է հետժողովրդավարական փուլին:
Դա այն է, երբ մարդու հիմնական ազատություններն ու իրավունքները հռչակվում են որպես կարևոր արժեք, բայց՝ միայն հռչակվում, քանի որ Հայաստանում արդեն քաղաքացուց պահանջվում է ոչ թե լինել իրավունքների և ազատությունների կրող, այլ պահանջվում է ուրիշ երկու բան. լինել վճարունակ և լինել չեզոք/հանդուրժող երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ:
Այլ կերպ սա կոչվում է ֆինանսական դիկտատուրա և հանրային կյանքի ծառայեցում քաղաքական նպատակահարմարությանը:

 


Հայաստանում կրթության, արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի և կարևոր այլ ոլորտներում զարգացում չկա այն պարզ պատճառով, որ դրանք բոլորը ծառայում են օրվա քաղաքական նպատակահարմարությանը, ոչ թե՝ իրենց բուն նպատակին:
Ֆինանսական դիկտատուրան իրականացվում է բանկային համակարգի և տեղական հարկերի-տուրքերի միջև փոխկապակցվածություն ապահովելու միջոցով, երբ քաղաքացին, ով չի մուծել, ենթադրենք, ոստիկանության ակտը, չի կարող լքել երկրի սահմանները, չի կարող օգտվել իր բանկային հաշվեհամարից, իսկ չմուծելու դեպքում տուգանքի չափն ավելանում է՝ ընդհուպ մինչև անշարժ և շարժական գույքի վրա կալանք դնելը: Նման դիկտատուրայի դեմ պայքարելն անհնար է, ելքը՝ վճարունակ դառնալն է:
Այդ պատճառով էլ երկրում ծաղկում է կոռուպցիան, քանի որ բոլորն անհրաժեշտաբար ուզում են լինեն վճարունակ:

 


Ընդորում, ֆինանսական դիկտատուրայի նշանակությունն ավելի մեծ է, քան, օրինակ, երկրի կառավարման եղանակը, քանի որ նա, ով տնօրինում է երկրի ֆինանսական հոսքերը, միշտ կարող է բանի տեղ չդնել օրենք ընդունողին: Չեն էլ դնում, ինչպես տեսնում եք, որովհետև ԱԺ-ն չի կարողանում արգելափակել անտրամաբանական և ոչ ռացիոնալ, բայց՝ ինչ-ինչ մարդկանց կամ պետության համար ֆինանսաբեր որոշումների ընդունումը:
Այս ամենն այնքան հեռու է ժողովրդավարությունից, որքան աֆրիկացի փախստականը՝ եվրոպացի լինելուց:

 

Մովսես Դեմիրճյան