57 հազար շրջանառության հարկը վճարողներ ապահովում են բյուջեի եկամուտների միայն 1 տոկոսը
2015-ի առաջին վեց ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 534 մլրդ 358 մլն դրամ մլրդ դրամ, ինչը 0,6 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից: Պետական բյուջեի եկամուտների մեջ հիմնական մասը կազմել են հարկերն ու տուրքերը' 501 մլրդ 472 մլն դրամ, ինչը 2014-ի առաջին կիսամյակի համեմատ ավելի է 0,3 տոկոսով:

 


Ամենամեծ մուտքերը ստացվել են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)' 192 մլրդ 641 մլն դրամ, ապա եկամտային հարկից' 144 մլրդ 300 մլն դրամ, երրորդը' շահութահարկից' 59 մլրդ 737 մլն դրամ:
Շրջանառության հարկից մուտքերը կազմել են ընդամենը 5 մլրդ 170 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 32,2 տոկոսով: Սա կազմում է պետական բյուջեի վեց ամսվա եկամուտների ուղիղ 1 տոկոսը, այն դեպքում, երբ այս հարկման դաշտում գործում են ահռելի թվով' շուրջ 57 հազար տնտեսվարողներ, հիմնականում առեւտրով զբաղվողներ:

 

Անահիտ Գրիգորյան