Հայ առաջին կինոդերասանը... Արշո Շահխաթունի (Արշավիր Շահխաթունյան, 1885, Երևան - 1957, Փարիզ)' հայ առաջին կինոդերասան, որը նկարահանվել է գեղարվեստական համր ֆիլմում դեռևս 1913 թ.: Զինվորական և դերասան, զարմանալի ճակատագիր ունեցող Արշո Շահխաթունու մանկությունը անցել է Երևանում, Վաղարշապատում և Ալեքսանդրապոլում: Նրա հայրը, Վաղարշակ Շահխաթունյանը, ունեցել է գնդապետի կոչում, պաշտոնյա է եղել Ալեքսանդրապոլի գավառում, բայց միաժամանակ եղել է նաև ճանաչված դերասան ու Վաղարշապատի թատրոնի հինադիրը: Արշո Շահխաթունին ավարտում է Թիֆլիսի ռազմական ուսումնարանը, և հենց Թիֆլիսում էլ նա կատարում է իր առաջին դերասանական փորձերը: Հետագայում Շահխաթունին ստիպված է լինում թողնել իր ռազմական կարիերան, քանի որ 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Բաքվում նա հրաժարվում է կատարել վերադասի հրամանը' կրակել իր հայրենակիցների վրա:

 


Հենց Բաքվում էլ նա արդեն հիմնովին զբաղվում է իր համար հոգեհարազատ դերասանի մասնագիտությամբ' մասնակցելով հայկական թատերախմբերի տարբեր ներկայացումներին: Այդ խմբերը հաճախ մեկնում էին հյուրախաղերի Ռուսաստանի քաղաքներ: Մի անգամ, տեսնելով հայ դերասանի վառ ու յուրօրինակ խաղը բեմի վրա, Մոսկվայի «Խանժոնկով և Կո» կինոստուդիայի ռեժիսոր Ալեքսանդր Գրոմովը առաջարկում է Շահխաթունուն կատարել Կազբիչի դերը «Բելա» ֆիլմում՝ Լերմոնտովի համանուն վիպակի հիման վրա: Շահխաթունին մեկնում է Մոսկվա և փայլուն կերպով հաղթահարում է իր համար այդ նոր ամպլուան: Նույն տարի «Բելա» ֆիլմը դուրս է գալիս մեծ էկրան և հաջողություն ունենում: Դրանից հետո Շահխաթունին 1913-14 թթ. նկարահանվում է նույն կինոստուդիայի մի քանի այլ ֆիլմերում՝ «Կովկասի նվաճումը»՝ Շամիլի դերում, «Խազ-բուլատ», «Իզմայիլ բեյ», և այլն: Ի դեպ, այդ ֆիլմերը ցուցադրվել են նաև Երևանի «Ապոլլո» կինոթատրոնում (լուսանկարում՝ կինոթատրոնն ու ֆիլմերից մեկի ազդագիրն է):

 


Ռազմական մասնագիտությունը կրկին պետք է գալիս Արշո Շահխաթունուն 1918թ. մայիսյան հերոսամարտերի օրերին: Հայրենիքի համար այդ վճռորոշ պահին Շահխաթունին Երևանում էր և մեծ աջակցություն ցուցաբերեց Արամ Մանուկյանի ղեկավարած արտակարգ շտաբին ինքնապաշտպանական մարտերի կազմակերպման գործում: Որոշ ժամանակ՝ 1918-19 թթ. նա զբաղեցրել է նաև Երևանի պարետի պաշտոնը: Առաջին Հանրապետության անկումից հետո Շահխաթունին արտագաղթում է Եւրոպա եւ հաստատվում Փարիզում: Այստեղ նույնպես փայլում է նրա կինոդերասանի տաղանդը՝ 1920-30-ական թվականներին Շահխաթունին նկարահանվում է մի շարք ֆրանսիական ֆիլմերում և բավականին մեծ համբավ ձեռք բերում Ֆրանսիայի կինոբոհեմում (մասնավորապես 1926-ին նկարահանված «Միշել Ստրոգոֆ» ֆիլմը' որտեղ նա հանդես եկավ Իվան Օգարյովի դերում' շատ մեծ հաջողություն է ունեցել):

 

 

 

Ռուբեն Շուխյան