Մարդիկ սովորաբար անում են ամեն ինչ աչքերը վնասվածքներից պաշտպանելու համար, բայց աչքերի վնասվածքներ, այնուամենայնիվ, պատահում են։ Ինչպե՞ս է պետք վարվել նման դեպքերում։
Ձեզ ենք ներկայացնում Քլիվլենդի բուժարանի ակնաբույժ Պետեր Մակգենոնի 5 խորհուրդները․

 

1․ Եթե աչքի մեջ օտար մարմին է ընկել
Եթե աչքի մեջ որեւէ օտար մարմին է ընկնում, օրինակ, ավազի հատիկ կամ թարթիչ, ուզում ես տրորել աչքդ, սակայն նման բան անել չարժե, քանի որ այդ ձեւով կարող եք վնասել աչքերը։ Բժիշկը խորհուրդ է տալիս սպասել մինչեւ արցունքներն աչքից դուրս բերեն օտար մարմինը։ Իսկ եթե չի ստացվում՝ պետք է աչքերը լվանալ մաքուր ջրով կամ ստերիլ ֆիզլուծույթով։ Եթե դա էլ չի օգնում, պետք է դիմել բժշկի։

 

2․ Եթե աչքի մեջ քիմիկատներ են ընկնում
Ընկնելով աչքի մեջ՝ քիմիկատները կարող են լուրջ վնաս հասցնել տեսողությանը։ Եթե նման բան է պատահում՝ մասնագետը խորհուրդ է տալիս լավ լվանալ աչքերը 15 րոպեի ընթացքում։ Ցանկալի է այդ ժամանակահատվածում աչքը պահել հոսող ջրի կամ ստերիլ ֆիզլուծույթի տակ։ Իսկ հետո արժե դիմել բժշկի՝ թեկուզ համոզվելու համար, որ ոչ մի լուրջ բան չի կատարվել։

 

3․Եթե աչքի վրա հարված է եղել
Եթե գնդակով կամ էլ մեկ այլ առարկայով հարված եք ստացել աչքի վրա, պետք է սառը թրջոց դնել, բայց սեղմել կամ ճնշում գործադրել պետք չէ, խորհուրդ է տալիս բժիշկ Մակգենոմը։ Եթե Ձեր տեսողությունը վատացել է, կամ եթե աչքերը ցավում են, ցանկալի է դիմել բժշկի։

 

4․Եթե ծակող վերք ունեք
Եթե աչքի վրա ծակող վերք եք ստացել՝ մի փորձեք ինքնուրույն որեւէ բան ձեռնարկել ՝ շուտ դիմեք բժշկի։ Մի տրորեք աչքերը կամ աչքերի հարակից մաշկը ու ոչ մի դեպքում մի փորձեք հանել աչքի մեջ մտած ծակող առարկան։ Վնասված աչքը փակեք որեւէ բանով ՝ օրինակ սուրճի թղթե բաժակով եւ խնդրեք, որ Ձեզ արագ տանեն բժշկի։

 

5․Եթե ձեր աչքի կամ կոպի վրա կտրվածք կա
Նման կտրվածքները նույնպես լուրջ ուշադրության կարիք ունեն՝ անմիջապես դիմեք բժշկի։ Մի փորձեք լվանալ աչքերը, պարզապես փակեք այն մաքուր և ստերիլ կապոցով / ոչ բամբակյա, քանի որ բամբակի մասնիկները կարող են աչքի մեջ ընկնել ու է՛լ ավելի գրգռել այն / ու դիմեք մոտակա բուժարան։

 

Վրեժ Հովսեփյան