Այս տարի Ս. Աստվածածնի վերափոխման տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ կրկին իրականացրեցին նախաձեռնություն' այս անգամ Գուգարաց թեմի, «Ձեռք մեկնիր» ծրագրին:
Օրեր առաջ Օպերայի բակում տեղադրվեցին տաղավարներ, ուր Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Վանաձորի կարիքավոր աշակերտների համար հավաքեցին ամենատարբեր իրեր՝ գերենական պիտույքներ, հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր...

 

Նախաձեռնությանը մասնակցեցին նաև թեմի տարբեր եկեղեցիներն ու հավատացյալները և շատ կարճ ժամանակում հավաքվեց անհրաժեշտ ամենատարբեր իրեր, որն էլ այսօր՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ սրբազնի օրհնությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի, մի խումբ երիտասարդների հետ մեկնեցինք Գուգարաց թեմ, քաղաք Վանաձոր: Մեզ դիմավորեցին Ս. Գ. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, մի խումբ երիտասարդներ, գլխավորությամբ՝ Տ. Վահան քահանա Ազարյանի: Օգնությունը փոխանցվեց Գուգարաց թեմին: Ոգևորված ու ամեն բան բարեհաջող անցավ:

 


Տ. Պետրոսը իր խոսքում նշեց.«Սա մեր հերթական այցելությունն է: «Ձեռք մեկնիր» նախաձեռնությունը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգնել բոլոր այն բազմազավակ ընտանիքների երեխաներին, ովքեր չունեն անհրաժեշտ հագուստ և պարագաներ դպրոց հաճախելու համար:

 

ԱՀԹ երիտասարդներն արդեն երկրորդ տարին է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տիրամոր Վերափոխման տոնին բարեգործական նախաձեռնություն են իրականացնում՝ օգնելով տարբեր թեմերի կարիքավոր ընտանիքներին: Այս անգամ էլ իմանալով, որ կարիքավոր ընտանիքներ կան և հատկապես սեպտեմբերի մեկին ընդառաջ ընտանիքներ կային, ովքեր ապրում են մեր կողքին, նույնիսկ չէին կարող երեխաների համար գրենական պիտույքներ գնել, անմիջապես ծրագրի մասին զեկուցեցինք գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազանին: Սրբազանը սիրով իր օրհնությունը տվեց ու իր անմիջական աջակցությունը բերեց և թեմի երիտասարդներն ու եկեղեցիները, հավատացյալները կարողացան կարճ ժամանակամիջոցում հավաքել անրաժեշտ օգնությունը: Շատ ոգևորող է, երբ տարբեր թեմերի երիտասարդները կապ են պաշտպանում իրար հետ...

 

Մենք եղել ենք տարբեր թեմերում, ովքեր օգնության կարիք ունեին: Եղել ենք, Շիրակի թեմում՝ Գյումրի քաղաքում. «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրին մասնակցեցինք, Տավուշի թեմի սահմանամերձ Այգեպար քաղաքում ենք եղել, որտեղ թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար մեր օգնությունը բերեցինք: Նաև Գեղարքունյաց թեմի Ճամբարակ քաղաքում ենք եղել արդեն երկու անգամ: Այնտեղ էլ օգնություն տարանք տեղի ընտանիքներին, դպրոցներին, մանկապարտեզներին: Եվ այս ողջ նախաձեռնությունները իրականացվում են Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ, ստանում ենք սրբազանի օրհնությունն ու իրագործում և կյանքի ենք կոչում մեր կողմից շատ կարևոր նմանօրինակ նախաձեռնությունները: Եվ վերջիվերջո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մի ընտանիք է, մի եկեղեցի, իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով և գլուխ ունենալով այդ մեծ ընտանիքի՝ Ամենայն Հայոց Հայրապետին»...

 


Վանաձորի Ս. Գ. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Ազարյանն էլ իր խոսքում ասաց. «Ձեռք մեկնիր»-ը, մեզ ձեռքեր է մեկնում, և նախաձեռնությունը արդեն իր բարեհաջող արձագանքը ստացել է տարբեր թեմերում: Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն շուրջտարյա դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, իրականացրեց հերթական բարեգործությունը' նոր ուսումնական տարվան ընդառաջ:

 

 

Այս նախաձեռնության փուլում նախատեսվում էր, նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգնել բոլոր այն բազմազավակ ընտանիքների երեխաներին, ովքեր չունեն անհրաժեշտ հագուստ, կան երեխաներ, որոնց ծնողները նույնիսկ մեկ տետր գնելու հնարավորություն չունեին և մենք սկսեցին այս ծրագիրը իրականացնել, օգնել մեր ընտանիքներին, փոքրիկներին դպրոցական պարագաներով, հագուստներով, որպեսզի կարողանան դպրոց հաճախել: Այսօր ինչպես տեսնում եք Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն են մեզ մոտ և նրանք իրենց հերթին իրենց մասնակցությամբ կարողացան օգնել մեր թեմին, ինչը շատ ոգևորում է մեզ և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնեմ Արարատյան Հայրապետական թեմին մեր կողքին լինելու համար: Մենք տարբեր նախաձեռնություններ ենք իրականացրել:Ասեմ, որ կան մեզ մոտ ընտանիքներ, ովքեր բնակարան չունեն, մենք աշխատում ենք եկեղեցու շրջանակներում օգնել նաև այդ ընտանիքներին»:

 


Թեմերի երիտասարդները ավելի մոտիկից ծանոթացան, շփվեցին, ինչը շատ կարևոր է հետագա գործունեության, տարբեր միջոցառումների, և նաև անհրաժեշտության դեպքում ձեռք մեկնելու համար: Վերջում՝ երիտասարդները, տեր հայրերը հրաժեշտ տվեցին մեկմեկու և իրենց առաքելությունը արդեն իրագործած հետ վերադարձանք: Եվ ինչպես ասում են՝ պտղատու ծառի գլուխը կախ կլինի, որվհետև այն առատ է, ինչպես Աստծո տված ամեն մի բան, ինչը սիրով է ապրում, մնում է այն խնամել: Մենք էլ հենց այդ սիրո ուժով ենք կարողանում ապրել և փոխանցել մեր կողքին ապրող մարդկանց, որոնց աչքերում ուզում ենք տեսնել անհոգություն, ուրախություն...

 

 

 

 

Արթուր Հայրապետյան