Վերջին շրջանում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես հայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: Սա լրջագույն ծրագիր է, որը թույլ կտա մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման ազդեցությունը:

 

 

Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները: 556 կմ երկարություն ունեցող այս ճանապարհային միջանցքը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի 2 հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ' ելք ապահովելով դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: Ճանապարհը հնարավորություն կտա կբարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը՝ Վրաստանի միջոցով եվրոպական, ռուսական, իսկ Իրանի միջոցով դեպի մերձավորարևելյան, հնդկական, չինական շուկաներ մուտք ապահովելու տեսանկյունից:

 

Ծրագրի իրագործման հարցում մեծապես շահագրգռված են նաև Հայաստանի հարևանները, ինչի վառ ապացույցն այն է, որ վերջերս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Հայաստանից:

 

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը թույլ կտա, որ Հարավային Կովկասը մոտ ապագայում դառնա ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևմուտք-Արևելք տրանսպորտային միջանցքների կարևորագույն հանգույց, որի արդյունքում տարածաշրջանի պետությունները կստանան տնտեսական առաջընթացի լայն հնարավորություններ, միևնույն ժամանակ առաջ կգա փոխադարձ տնտեսական մրցակցություն երկրների միջև:
Հույս ունենաք, որ նշված ճանապարհային միջանցքի կառուցումը երկար սպասեցնել չի տա և կգործարկվի իր ողջ հնարավորություններով:

 

Եվա Գրիգորյան