Յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հաջողություն առաջին հերթին պայմանավորված է հարևան երկրների հետ նրա տնտեսական համագործակցության ընդլայնմամբ և խորացմամբ: Այս համատեքստում, կարևոր նշանակություն ունի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, որը կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծել նոր իրավիճակ:
Փաստ է, որ հենց սկզբից այս ծրագիրն աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդել' փորձելով հակակշռել, ինչո՞ւ չէ, նաև Կարս-Ախալքալաք երկաթուղուն:

 


Հարկ է նկատել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն էական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման հետագա գործընթացների վրա:
Մանավանդ, որ Չինաստանը նույնպես պատրաստակամություն է հայտնել ներգրավվել այս գործընթացում: Չինաստանը պատրաստվում է մոտավորապես 40 միլիարդ դոլարի հատկացումներ իրականացնել իր համար մեծ կարևորություն ունեցող Մետաքսի ճանապարհի շինարարության համար, որից 3-3,5 միլիարդ դոլարը կարող է ուղղվել երկաթգծի կառուցմանը:

 

 


Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը, պետք է նշել, որ այն կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Իրանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը թույլ կտա մուտք գործել տարածաշրջանային այլ շուկաներ: Երկաթգծի կառուցումը կարող է ունենալ գլխավորապես տնտեսական նշանակություն. արտահանման խթանում, արտահանման կառուցվածքի և աշխարհագրության դիվերսիֆիկացիա, տնտեսական աճ, հարկային մուտքերի ավելացում և այլն, որը կուղեկցվի սոցիալական դիվիդենտներով' զբաղվածության աճով ու կենսամակարդակի բարձրացմամբ:

 


Հայաստան-Իրան երկաթգիծը մի կողմից կարող է ուղիղ երկաթուղային կապ ստեղծել Չինաստանի և Սևծովյան նավահանգիստների միջև, մյուս կողմից լայն հնարավորություններ բացել նաև Իրանի առաջ' թույլ տալով վերջինիս Հայաստանի տարածքով մուտք գործել Վրաստանի և արևմուտքի մի շարք երկրների շուկաներ:
Բացի այդ, նախագիծը Հայաստանի համար կարող է ունենալ նաև ռազմավարական նշանակություն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցություն ունի միայն Վրաստանի տարածքով:

 

 

Վաչագան Գևորգյան