Քաղաքական գաղափարախոսությունը քաղաքացիների քաղաքական վարքի գաղափարական կողմնորոշմանն ուղղված հոգևոր երևույթ է:
Գաղափարախոսությունը դա գաղափարների մի համակարգ է, որի տիպիկ ու կարևոր հատկանիշն այն է, որ սերտ առնչություն ունի հասարակության հոգեբանության հետ։ Տվյալ հասարակության գաղափարախոսությունը խարսխված է նրա աշխարհընկալմանն ու բարոյական չափանիշներին։
Ազգային գաղափարախոսության ծնունդն անմիջական կապ ունի ազգի ձևավորման հետ։ Ազգի մտավոր-մշակութային զարգացման մակարդակը պայմանավորում է անկախ պետության խնդիր դնելու գիտակցությունը։

 


Գաղափարախոսության ծնունդը հաջորդում է տվյալ էթնիկական խմբի զարգացման այն փուլին, երբ ձևավորվում է քաղաքական փիլիսոփայությունը, երբ պատմությունը ձեռք է բերում քաղաքական մեկնաբանության տարրեր։
Այն ունի մի քանի հիմնական մակարդակները՝ տեսական-կոնցեպտուալ, ըստ որի որոշակի սոցիալական կամ էթնիկական շահերի և գաղափարների ընդհանրության համապատասխան ձևավորվում են աշխարհի յուրովի ընկալումն արտահայտող կարևորագույն դրույթները: Քաղաքական-ծրագրային, երբ նպատակները, սկզբունքները և գաղափարները ամրագրվում են քաղաքական էլիտայի ծրագրերում, կարգախոսներում և պահանջներում, դրանք հիմք են հանդիսանում քաղաքական որոշումների ընդունման և բնակչության քաղաքական վարքի կողմնորոշման համար: Արդիականացված մակարդակ, որը բնորոշում է քաղաքացիների կողմից տվյալ գաղափարախոսական սկզբունքների յուրացման աստիճանը և անմիջական ազդեցություն է թողնում նրանց քաղաքական գործունեության վրա:
Գաղափարախոսության ժամանակակից իմաստն ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր կայսերական նկրտումների դեմ հանդես եկող փիլիսոփաներին արհամարանքով անվանեց գաղափարախոսներ: Նապոլեոնը՝ իր հակառակորդներին գաղափարախոսներ անվանելով, փորձում էր հեղինակազրկել նրանց ու ոչնչացնել: Հետագա զարգացման արդյունքում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը. գաղափարախոսությունն օգտագործվում է իբրև հասարակության ընդդիմադիր խավերի հեղինակազրկման ու ոչնչացման գործիք:

 


Հասարակությունն արագ մոռացավ «գաղափարախոսություն» բառի իրական պատմական արմատները. միայն մարքսիստական ուսմունքն էր, որ մտածողության այդ ձևը հետևողոկանորեն մեթոդական հղկման ենթարկեց: Ավելին' գաղափարախոսությունը նույնացվում էր այդ մարքսիստական համակարգի հետ: Սակայն գաղափարների պատմության և սոցիալական պատմության զարգացման ընթացքում այդ փուլը հաղթահարվեց:
Այս կամ այն քաղաքական հոսանքից կախված' փոխվում է քաղաքական և պատմական մտածողության կառուցվածքը: Սա հասկանալու համար անհրաժեշտ է միայն հիշել 19-20-րդ դարերի քաղաքական հոսանքների պատմությունը: Այդ դասական հոսանքներն էին բյուրոկրատիստական պահպանողականությունը, պատմական պահպանողականությունը, լիբերալ-ժողովրդավարական բուրժուական մտածողությունը, սոցիալիստական-կոմունիստական հայեցակարգը և ֆաշիզմը:
Ազգային-քաղաքական ղեկավարության (էլիտա) հիմնական առաքելություններից է գաղափարախոսության ստեղծումը։ Եթե կատարենք համեմատական վերլուծություն, թե որ ազգերն են առավել կենսունակ և մրցունակ, ապա կտեսնենք, որ այն երկրները կամ քաղաքակրթություններն են մրցունակ, որոնց ընտրանին կարողացել է ձևավորել ներդաշնակ գաղափարախոսական դաշտ։

 


Ազգային գաղափարախոսությունը միտված է ուղղորդելու ազգի ու պետության գործունեության բոլոր ոլորտները։ Ազգային գաղափարախոսությունից են բխում պետության արտաքին քաղաքականությունից մինչև անհատի վարքը կարգավորող գրված ու չգրված նորմերն ու դրույթները։ Ազգային գաղափարախոսության ակունքն ազգի հոգեբանության և համազգային շահերի գերակայության դաշտում է, չնայած նույն ժողովուրդն իր հերթին կարիք ունի ուղղորդվելու ազգային գաղափարախոսության պահանջներով։

 

Արմեն Հովասափյան