Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի կենտրոնի հաղորդման համաձայն երկրի ԳԱԱ սեյսմաբանության ինստիտուտի կանխատեսմամբ սեյսմիկ վտանգի մեծացման հերթական փուլն սպասվում է 2015 թվականին, Ղրղզստանի ամբողջ տարածքում: Առավել վտանգավոր են Հարավային Ղրղզստանի տարածքի' Տաջիկստանին և Չինաստանին հարող Բաթքենի և Օշի մարզերի սահմանամերձ գոտիները, որտեղ հնարավոր է 7- 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Այս հաղորդագրությունը, որն այսօր արդեն տարածել են աշխարհի շատ լրատվական ծառայություններ, երեկվանից տեղադրված է Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:

 


Սակայն սա դեռ բոլորը չէ: Հայտնվում է, որ 2015թ. օգոստոսին Ղրղզստանի Հանրապետության ամբողջ տարածքում էկզոգեն բնական գործընթացների ակտիվացումը կապված կլինի եղանակի փոփոխության հետ: Նախալեռնային և լեռնային շրջանների օդի ջերմաստիճանի տատանումը, քամու ուժգնացումը, տեղատարափ և տևական անձրևները կարող են ջրհեղեղի և սելավի, փլուզման, ցածրադիր վայրերի ջրածածկման պատճառ դառնալ: Անհրաժեշտ է տեղերում կազմակերպել գետերի ջրառի դիտարկման կետեր, ձեռնարկել հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցներ:
Աղետալի երկրաշարժի այսօրինակ կանխատեսումը հնգամսյա հեռանկարով բացառիկ երևույթ է համաշխարհային սեյսմաբանության պատմության մեջ: Ըստ երևույթին մեր ղրղզ գործընկերները մեծ հաջողության են հասել բնական այդ աղետի կանխատեսման գործում, ինչը ընդօրինակման առարկա կարող էր լինել, եթե… եթե ս.թ. օգոստոսի 2-ին երկրի տարածքում տեղի ունեցած 3 բալանոց երկրաշարժը նույնպես կանխատեսվեր վաղօրոք, այլ ոչ թե post factum:

 


Ամեն դեպքում, Ղրղզստանի բնակչությունն ստիպված է լինելու առաջիկա ամիսներին ապրել ահը սրտում' գիշեր- ցերեկ սպասելով իր սեյսմաբանների կանխատեսման իրականացմանը:
Գուցե ճիշտը դա՞ է: