Մի հնավուրց տանը, չնայած նրա զառամյալ տարիքին, ամեն բան ամուր էր և պատշաճ՝ ինչպես առօրյա կյանքում անդունդում լողացող հուսալի տապանում: Տան տերերը փոխվում էին, բայց հին սերունդին պատկանող տունը փոխանցվում էր ժառանգաբար: Իսկ ժառանգները բավականին դաստիարակված էին ու զգուշորեն էին վերաբերվում իրենց անշարժ գույքին:
Տան ճակատագրի միակ փոփոխությունը վերջերս է կատարվել, երբ այն հիմնական ապրելու տնից վերածվեց քաղաքամերձ ամառանոցային տան: Սկզբում, իհարկե, տունը տխրում էր, բայց հետո համակերպվեց իր նոր դիրքի հետ, և սկսեց սովորել իր տերերի երկարաժամկետ բացակայությանը: Բայց երբ նրանք հայտնվում էին, նրա ներսում ամեն բան վերափոխվում էր, և նա հրճվում էր և նույնիսկ հեգնանքով ձեռնահարկի պատուկանիկներով դիպչում հարևան ամառանոցային տնակներին: Իբր, տեսեք, նախանձեք, իմ փողոցում էլ է հիմա տոն:

 


Եվ իրոք տոն էր՝ ոչ միայն բաց պատուհաններից լսվող ձայներում, այլ նաև մանկական հնչուն ճիչերում: Երեխաների ներկայությունը հին տունն ընդունում էր որպես մեծագույն երջանկություն՝ զգալով դա իր ամեն մի մասնիկով: Իսկ հին հատակի տախտակների և աստիճանների ճռճռոցով նա արտահայտում էր իր ծերունական բավարարվածությունը, հաճույք ստանալով իր անխախտ կոչումից՝ սերունդային օջախ լինելուց:

 


Բայց նրա ներքնաշխարհում ամեն բան հարթ ու պատշաճ չէր: Նրան ավելի ու ավելի էին անհանգստացնում փայտային մակաբույծները, որոնք սկսել էին մտնել իր պատերի մեջ: Եվ չնայած նրա բարի օգնականները՝ հին երկաթյա մեխերը, արդեն համարյա հարյուր տարի հուսալի կերպով պահում էին ամրացված դետալները, նրանցից ավելի ու ավելի հաճախ էին բողոքներ գալիս այդ մակաբույծների մասին: Աստիճանի վրայի մեխերից մեկը չդիմացավ և դուրս եկավ, որպեսզի տեսանելի կերպով ներկայացնի իր բողոքը: Նա ասաց, որ դա լավ բանով չի վերջանա: Նա վրդովված սկսեց պատմել, թե ինչպես նրան մոտեցավ այդ նենգ թրթուրը և նույնիսկ սկսեց խոսել իր հետ:
- Ո՞վ ես դու:
- Ես մեխ եմ, - պատասխանում եմ նրան:
- Հա-հա, մեխ, իսկ ի՞նչ ես այստեղ ցցվել:
- Ինչպե՞ս թե, ես իմ պահակետում եմ, իսկ դու ո՞վ ես:
- Օ, գիտես ո՞վ եմ ես: Ես զիլ եմ և այստեղ ամեն ինչ իմն է: Կաշվեուտիճ եմ ես, հասկացա՛ր: Եվ ընդհանրապես, հիմա չեն ապրում այնպես, ինչպես դու, խելագարվել կարելի է: Ցցված ես այստեղ առանց շարժման, առանց հետաքրքրության: Իսկ ես ուր ուզում, այնտեղ էլ գնում եմ, ուտելիքը լիքն է, մի խոսքով ապրում էմ իմ հաճույքով: Արի՛ ինձ հետ, չե՛ս փոշմանի:
- Ես պահակետում եմ, - խիստ և համառ պատասխանեց մեխը:

 


- Դե, ցցված էլ մնա՛, երկաթիկ, - ասաց կաշվեուտիճը, - իսկ ես ահա թարմ տնկադաշտում կպտտվեմ:
- Եվ յուղոտ ինքնահավան ուտիճը գնաց՝ իր հետևից դատարկություն թողնելով:
Շուտով եկան վարպետները, որոնք հայտնաբերեցին դուրս եկած մեխը: Նրանք զգուշությամբ հանեցին նրան եղբայրակիցների հետ միասին, փոխեցին ուտիճի կերաց տախտակը նորով և տերերի խնդրանքով հին մեխերը կրկին դրեցին իրենց տեղերում՝ նրանց երկրորդ կյանք տալով: Իսկ ինքնահավան յուղոտ ուտիճը, հին տախտակի հետ միասին հայտնվեց կրակի մեջ, որ վառեցին վարպետները:
Իսկ մեխը մնաց իր պահակետում, հաճույք ստանալով ոչ միայն իր հանձնարարությունից, այլ և տանը երեխաների ծիծաղից, հպարտ լինելով, որ արդեն ծառայում է տան տերերի ավելի քան մեկ սերնդին:
Ահա այսպես, պարոններ, յուրաքանչյուրին՝ իրենը:
Ելենա Բառանովայից

Ֆրիդա Կալո "Ինքնանկար"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան