Եթե աշխարհում հնարամիտ վարորդների ցուցակ կազմվի, ապա հայ վարորդները նվազագույնը առաջին տասնյակում կլինեն: Նախկինում, երբ ճանապարհային ոստիկանների թիվն ավելի մեծ էր երթևեկելի փողոցներում, քան այսօր, վարորդները հաճախ էին իրար հետ ժեստերով խոսում: Անծանոթ մարդիկ իրար նախազգուշացնում էին, որ մոտակայքում ոստիկանական մեքենա կա: Եվ եթե վարորդը վարում էր նախատեսվածից արագ, ապա զգուշացումից հետո կարող էր դանդաղեցնել մեքենայի ընթացքը ու խուսափել տուգանքից:

 

 


Անցան ժամանակներն ու փողոցներում հայտնվեցին արագաչափ սարքերն ու տեսախցիկները: Վարորդները այս դեպքում ևս լուծում գտան. ուսումնասիրեցին սարքերի հասցեներն ու սկսեցին այդ հատվածներով ավելի զգույշ երթևեկել:

 


Վերջերս ի հայտ եկան շարժական արագաչափ սարքերը: Վարորդներն էլ սկսեցին լուսանկարել և համացանցում տարածել այն մեքենաների լուսանկարները, որոնցում տեղադրված են այդ սարքերը: Վարորդների շրջանում այս նորարարությունն առավել մեծ դժգոհություն առաջացրեց, քան նախկին արագաչափերը:
Երեկ հայտնի դարձավ, որ լուսանկարահանող արագաչափ սարքերի գործածությունը ժամանակավոր կդադարեցվի: «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը կայքերից մեկին հայտնել է, որ իրենք այդ քայլին դիմել են վարչապետի խնդրանքով:

 


«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ժամանակավորապես դադարեցնել շարժական արագաչափերի գործածությունը: Մենք էլ համաձայնեցինք, որ ժողովրդին շատ չանհանգստացնենք ու ժամանակավոր հետաձգեցինք դրա կիրառումը, հետո կորոշենք' ինչ անել»,- ասել է Գ. Զաքարյանը:
Քաղաքացիների համար, իհարկե, կարևոր է իմանալ, որ իշխանություններն անուշադրության չեն մատնում հասարակական բողոքը, սակայն «զիջումները» չպետք է կանաչ լույս դառնան նոր օրինախախտումների համար:
Ի դեպ, շարժական արագաչափերի գործածությունը թեպետ դադարեցված է, սակայն կարճ ժամանակ անց դրանք կրկին կարող են հայտնվել փողոցներում՝ հատկապես վտանգավոր ճանապարհահատվածներին:

 

 

Անի Սանոսյան