Նախօրեին գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այն Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն կտա օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից:
Մասնավորապես, Ծրագրին մասնակցությունը Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին (ՓՄՁ ԶԱԿ-ին) հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի գործունեության շրջանակներում' էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը, դիմել ամենամյա ERASMUS երիտասարդ ձեռներեցների ծրագրին և ձեռներեցության խթանման նմանատիպ այլ ծրագրերին, իչպես նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել Ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

 


Ծրագրի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի կողմից Եվրոպական միության բյուջե տարեկան վճարվող անդամավճարը 2016-2017թթ. ժամանակահատվածի համար կկազմի 78 868 եվրո:
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը պատրաստ է հատկացնել միջոցներ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության համար նախատեսված անդամավճարը վճարելու համար, ԵՄ կողմից ֆինանսավորվող մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված մեկ այլ ծրագրի շրջանակներում նախատեսվող համաֆինանսավորմամբ մինչև 50% չափով' 3 տարի ժամկետով:

 


ՓՄՁ զարգացումը երկրի առաջ ծառացած կարևորոգույն խնդիրներից մեկն է և միաժամանակ տնտեսության ամենախոցելի հատվածը: Կառավարությունը շաարունակաբար ոլորտը բարելավելու ծրագրեր է իրագործում, բայց ներկայիս վիճակը փաստում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր ինչպես ՓՄՁ քաղաքականության բարելավման, տեխնիկական աջակցության, այնպես էլ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման համար: Նշեմ, որ փոքր և միջին բիզնեսի շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները որպես հիմնական խոչընդոտ նշում են ֆինանսական միջոցների բարձր տոկոսադրույքներն ու գումարների հասանելիության խնդիրը: Այս ծրագիրը թույլ կտա նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

 


Քայլ ընդառաջ է նաև նույն օրը կառավարության կողմից ընդունած մեկ այլ որոշումը՝ ՓՄՁ-ի տեսչական ստուգումների կասեցման վերաբերյալ: Այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է ստուգումների շուրջ 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Կասեցումը չի վերաբերում հարկային ստուգումներին՝ ելնելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդրի կարևորությամբ:
Վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարել է իրենց կողմից անցկացվող հսկողական միջոցառումները իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ, ինչպես նաև վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը:

 


Կարելի է ասել, որ այս որոշմամբ էականորեն կնվազի տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների քանակը և որոշ դեպքերում, նաև անհարկի միջամտությունը նրանց բնականոն գործունեությանը:

 

Հայկ Համբարձումյան