ՓՄՁ ոլորտի առաջընթացը կարևոր նախապայման է ցանկացած երկրի զարգացման համար: Վերջինիս բարելավմանն է ուղղված նաև այսօրվա ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ կառավարության և Եվրոպական Միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020)» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը անդրադառնալով վերը նշվածին նշել է, որ ՀՀ-ի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) պատրաստ է հատկացնել միջոցներ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության համար նախատեսված ԵՄ բյուջե տարեկան անդամավճարը վճարելու համար, 2016-2017 թթ. ժամանակահատվածի համար կկազմի €78 868, Իսկ ծրագրի մյուս մասի համար (2018-2020 թթ.) ամենամյա ֆինանսական մասնաբաժինը պետք է հաշվարկվի 2017թ.:

 

Ըստ նախարարի Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ ընթացող քննարկումների արդյունքների համաձայն' 2015թ. ընթացքում մեկնարկող մեկ այլ' ԵՄ կողմից ֆինանսավորվող մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսվում է COSME ծրագրի անդամակցության վճարի համաֆինանսավորում մինչեւ 50% չափով' 3 տարի ժամկետով, ինչպես նաև ծրագիրը Հայաստանում համակարգող Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ) պատրաստակամություն է հայտնել նաև ծրագրի իրականացման ընթացքում ճիշտ հայտեր կազմելու ուղղությամբ ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրել տեխնիկական աջակցություն:
Հարկ է նշել, որ COSME-ին մասնակցությունը հիմնականում միտում ունի հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին օգտվել ԵՄ-ի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից:

 

Անի Սանոսյան