Գիտեք, իհարկե, որ խմելու ջրի մատակարարումը, ինչպես, ի դեպ, էլեկտրաէներգիայինը, իրականացվում են պարբերական ընդհատումներով: Դէ, ՀԷՑ-ի մասին այստեղ արդեն խոսել չարժե, համակողմանի ծանր, անգամ՝ ծանԴԸր դեպք է:
«Երևան ջուր»-ը, որ նույնպես օտարերկրյա կառավարչի տրամադրության տակ է, ոչնչով ետ չի մնում ՀԷՑ-ից՝ բաժանորդների, այսինքն՝ ջրամատակարարումից օգտվողներիս նկատմամբ արհամարհական, անքաղաքավարի ու անընդունելի պահվածքով:

 

Կարճ և կոնկրետ: «Երևան ջուր»-ը տեղեկացրել էր, որ «պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը…»: Ապա թվարկված են ջրազրկման հասցեները, որոնցից մեկը, հասկանալի է, ինձ էլ է վերաբերվում: Ամեն դեպքում, գրեթե ամբողջ Շենգավիթը մի ամբողջ օր որոշել են ջրազրկել: Այն էլ այս սաստիկ շոգին, այն էլ, կրկնենք՝ Շենգավիթը, որ Երևանի ամենից շոգառատ թաղամասն է, թերևս:

 

Այսօր, այսինքն՝ ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 9:40-ին մոտենում եմ ջրի ծորակին: Ոչ մի ջուր էլ չի գալիս: Տիտանական ջանքերով ու երևի մի դույլ նյարդ ծախսելով՝ վերջապես հաջողվում է կապ հաստատել «Երևան ջուր» ընկերության հետ: Աշխատակցուհին տեղեկացնում է, թե՝ «աշխատանքները նախատեսվածից մի փոքր երկար են տևել», կարճ ասած, ժամը 11:00-ին ջրամատակարարումը կվերականգնվի: Չեմ հասցնում գոնե մի կարգին զայրանալ կամ տեղեկանալ, թե հաստա՞տ: Որովհետև անքաղաքավարի ու անտակտ պահվածք դրսևորելով, «ինֆորմացիան» հայտնելուց անմիջապես հետո հեռախոսակապն ընդհատվում է:
Ժամը 11:05-ին մոտենում եմ ծորակին: Արդյունքը՝ նույնը: Ոչ մի ջուր, ոչ մի բան: Կրկին զանգահարում եմ 1-85 տխրահռչակ հեռախոսահամարով: Երևի 20-րդ փորձից վերջապես «միանում» եմ, որովհետև անընդհատ զբաղված էր «գիծը»:

 

Միանում եմ, ուռռաաա՜... Ինքնապատասխանիչի ասածները ու մի թեթև էլ երաժշտություն ունկնդրելուց հետո, վերջապես միանում եմ նաև օպերատորին, որը ուղղակի չի բարեհաճում խոսել: Այսինքն, կողքից ինչ-որ կանանց խոսակցության հեռավոր ձայներ են գալիս, բայց մեկնումեկը չի բարեհաճում իմ զանգին պատասխանել: Ապա ընկալուչի մեջ լսվում է ինչ-որ մեկի շնչառությունն ու այդ ինչ-որ մեկը դադարեցնում է հեռախոսակապը, պարզ ասած՝ «ատբոյ է տալիս»:
Լավ, սա ի՞նչ անտաղանդ ու անշնորհք վերաբերմունք է: Սա՞ է օտարերկրացի կառավարչի ներդրած «կուլտուրան»:
Մի 15 րոպե անց, ասում են, որ ցածր հարկերում (2-րդ հարկում, օրինակ) շաաաա՜տ բարալիկ ծըլլոցով ջուր գալիս է: Եվ…

 

Ու առհասարակ, հարցեր են ծագում, էլի: Այդ ի՞նչ ձևով եք աշխատանք պլանավորում, որ այդ պլանավորվածը հանկարծ մեկ էլ ավելի երկար է տևում, քան մեկ ամբողջ օրը: Ու մայրաքաղաքի մի ահռելի հատված անջուր եք թողնում: Լավ, դեռ անհաշվարկ պլանավորումը մի կողմ: Աշխատանք է, կարող է պատահել և այլն: Բա աշխատանքի որա՞կը: Ո՞ւմ է պետք այդ «պլանավորված աշխատանքը», եթե դրանից հետո ջուրն իսկի 4-րդ հարկ չի հասնելու:
Լավ, գոնե ձեր հեռախոսահամարը կարգավորեք, տո՛: Ինչո՞ւ պիտի սպառողները 20 րոպե, կես ժամ զանգելուց հետո միայն «միանան» ձեր օպերատորներին: Վերջիններիս «կուլտուրայի» մասին էլ չխոսեմ, արդեն ասացի:
Մի խոսքով, «Երևան ջուր», դուք ջրի, աղբյուրի ակունքին նստած վիշապ չեք, չէ՜: Դուք անապատի հրեշ եք:

 

Արմեն Հակոբյան