Համաշխարհային շուկայում առկա են բացասական ազդեցություններ, սակայն դա չի խանգարում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավվելուն։
Հայաստանում տնտեսական ցուցանիշները դրական շարժ են արձանագրում, թեև արտաքին շուկաներում խոչընդոտները դարձյալ ակտիվացել են։ Մասնավորապես արդեն տևական ժամանակ չի դադարում պղնձի էժանացումը։ Միջազգային շուկայում պղնձի գինը նվազել է տոննայի նկատմամբ մինչեւ 5,2 հազար դոլարը։ Այսպիսի ցածր գին վերջին անգամ արձանագրվել էր 2009թ.՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնական շրջանում։ Երրորդ ամիսն անընդմեջ պղինձը էժանանում է՝ կապված համաշխարհային եւ հատկապես Չինաստանի տնտեսության պահանջարկի կրճատման հետ։
Պղնձի գների նվազումն անշուշտ բացասական գործոն է Հայաստանի տնտեսության համար, թեև այս անգամ կարծես այնքան էլ այդպես չէ։ Դրան նպաստել է այլ հզորությունների շահագործումը։ Ինչպես հայտնի է, տարբեսկզբից մեկնարկեց Թեղուտի ծրագիրը, ինչը հնարավորություն ստեղծեց մեղմելու արտաքին բացասական գործոնների ազդեցությունը։

 


Խոչընդոտներ կան նաև ռուսական շուկայում։ Մի փոքր արժևորումից և կայունացումից հետո, ռուբլին դարձյալ զիջում է դիրքերը։։ Մայիսից 20-ից հետո ռուբլին էժանացել է գրեթե 20 տոկոսով՝ մեծացնելով ճնշումը ռուսական շուկայում իրացվող հայկական ապրանքների վրա։
Հայկական ապրանքների իրացման համար այլ շուկաներ փնտրելուց զատ՝ կառավարությունն անընդհատ փորձում է ավելացնել ներքին խթաներ։ Դրա վկայություններից մեկն էլ տնտեսությանը տեսչական ստուգումներից ազատելու նախաձեռնությունն էր:

 


Տեսչական ստուգումները, առավել ևս փոքր և միջին բիզնեսում, ստեղծում են դժվարություններ ոչ միայն տնտեսական գործունեության համար, այլ հանգեցնում ֆինանսական կորուստների։ Հատկապես տնտեսական անբարենպաստ իրավիճակի պայմաններում երբեմն դրանք ուղղակիորեն դառնում են գործունեության դադարեցման պատճառներից մեկը։

 

Անի Սանոսյան