Կլոնավորումը ժամանակակից աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկն է։
Կլոնավորման խնդիրն արդի աշխարհը բաժանել է երկու խմբի՝ կլոնավորման կողմնակիցների և հակառակորդների։ Հարկ է նկատել, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, արգելված են մարդկանց կլոնավորման փորձարկումները: Սակայն դա բնավ չի խանգարում, որ այս խնդիրը բուռն քննարկումների տեղիք տա։

 

Հարկ է նշել, որ եկեղեցին կտրականապես դեմ է կլոնավորման գիտափորձերին և հաճախ դիմում է գիտնականներին, որպեսզի վերջիններս հրաժարվեն այդպիսի աշխատանքներից:
Վատիկանի դիրքորոշումն այս հարցում նույնպես միանշանակ է. այն չի ընդունում կլոնավորման որևէ տեսակ, անկախ հետապնդվող նպատակներից։ Այդ մասին բազմիցս արտահայտվել են թե Հռոմի ներկայիս պապ Բենեդիկտոս 16-րդը, և թե նրա նախորդ Հովհաննես Պողոս Երկրորդը։
Հասկանալի է, որ հայ առաքելական եկեղեցին նույնպես անընդունելի է համարում կլոնավորման իրականացումը:

 

Հարցը բարոյականից զատ արտացոլվում է նաև իրավական հարթության մեջ: 2015թ. հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է նոր իրավակարգավորումներ այս կապակցությամբ: Նոր նախագիծի համաձայն, այս հարցը դիտարկվում է անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համատեքստում: Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: 24-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն արգելվում է մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Իրավական տեսանկյունից շատ կարևոր է, որ կլոնավորման արգելքը ամրագրվում է իրավական ամենաբարձր կարգավիճակն ունեցող փաստաթղթում:

 

Էրիկ Միլլեր