Ոչ մի խորհուրդ, ոչ մի զգուշացում քեզ հետ չի պահում դասական սխալներ գործելուց: Տարիքի հետ ոչ միայն գալիս է իմաստությունը, այլ կորուստներիդ դառնահամն է քեզ սովորեցնում' գնահատել: Գնահատել այն ամենը, ինչը կորցրել ես անփութության, մեծամտության, չզիջելու ու մոռանալու պատճառով: Այդժամ էլ հասկանում ես այն ցավը, որ ժամանակին պատճառել ես նրանց, ում հանդեպ անարդարացի ես գտնվել' չափազանց զբաղված լինելու ու ուղղակի հիմարությանդ ավելի տեղ տալու պատճառով:
Միայն սեփական ցավի և անհաջողությունների ժամանակ ես ամբոխի մեջ տագնապալի հայացքով փնտրում նրանց, ովքեր իրականում եղել են ազնիվ, անկեղծ ու նվիրված քեզ, և ում իրականում վիրավորել ես' տրվելով «ժամանակավոր» մարդկանց:

 

Այլևս ոչ մեկին հետ չես բերելու, չէ' գուցեև մի անգամ, մի օր, երբ բոլոր ժամանակավորները քեզ մոռանան, քեզ կայցելեն նրանք, ովքեր կասեն, որ առանց քեզ' իրենց կյանքն էլ է դատարկվել: Այնինչ «ժամանակավորները» կփնտրեն նոր հիմարների, որոնցից տզրուկի նման կքաշեն այն կենսականը, որը երբևիցե այդ հիմարները ստացել են Հավատարիմներից:

 

Սա կյանքն է, որը բոլորի մոտ էլ նույն ընթացքն է ունենալու' մեկի մոտ' դաժան, մյուսի մոտ' ավելի:
Երբեք մի պահանջեք ձեր սիրելի մարդկանցից սիրո ապացույց: Երբեք մի նեղացրեք նրանց: Նրանցից յուրաքանչյուրին վանելուց դուք մոտեցնում եք ձեր մենակ մնալու և հոգեպես դատարկվելու ժամը: Սերը և համբերությունը ունեն մի հստակ տարբերություն: Առաջինը'հավերժ է, երկրորդը'ոչ:

 

Գարիկ Պետրոսյան