Շատերն են փորձում ուխտագնացի հետ ճանապարհ գնալ, բայց քչերին է հաջողվում դիմակայել այդ փորձությանն ու ճանապարհին… մինչդեռ ամեն անգամ Արարատյան Հայրապետական թեմի հետ ուխտի գնալը ինձ համար, ոչ միայն հաճելի է, այլ հոգիս սեր է ապրում, աստվածային սեր, որն այսօր ավելի քան մեզ պետք է:

 


Տպավորություններս մի քանի տողով ներկայացնելը դժվար կլինի, բայց այն, որ այսօր կրկին շփվեցի սիրով, հավատով երիտասարդների հետ, ովքեր գիտեն, ինչ բան է քրիստոնեական սերը, չափի, հայ լինելու գաղափարը, անշուշտ կարող եմ ասել ու հանգիստ լինել, որ ունենք նման ինքնատիպ, ազնիվ քրիստոնյային վայել, բայց ոչ ծայրահեղականի հոգեբանությամբ երիտասարդներ...

 

 

Ուխտագնացություն դեպք Մակարավանք... Ստանալով Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, ուխտագնացությունը կազմակերպվել էր, գլխավորությամբ' Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի, Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միությունը, «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար' Գրիգոր Հարությունյան): Վերը հիշատակած խոսքս ուղղված էր հենց այս երիտասարդներին: Տ. Պետրոսը Մակարավանքում երիտասարդների համար քարոզ խոսեց.

 


-Ես մշտապես ուրախանում եմ մեր երիտասարդներով, հպարտանում: Մենք այսպիսի մեծ արժեքներ մեր պատմության ընթացքում շատ ենք ունեցել, ստեղծել, դուք պատկերացնում եք, որ չլինեին այս վանքերն ու եկեղեցիները, մինչդեռ մենք այսօր այս արժեքներին մատների արանքով ենք վերաբերվում: Եկեղեցիների պատերին գրում, ներկում ենք, մենք մեր վերաբերմունքով մեր արժեքների տերը չենք, որ ասում եմ մենք դա չի նշանակում, որ դուք եք դա անում, բայց մենք բոլորս պետք է ուշիմ լինենք թույլ չտանաք, որ մեր արժեքների հանդեպ, անտարբեր լինեն մարդիկ: Տեսեք ինչ արժեքներ է ստեղծել հայը: Ամեն պատերի, սյուների, ամեն քարի մեջ հոգի, հավատք կա: Մարդիկ պարապ չեն մնացել, նրանք մշտապես ստեղծագործել են' նկարել, քանդակել, միշտ արարել, տեսնում եք, թե ինչ խաչքարեր ենք քանդակել:

 

 

Ուզում եմ, որ մենք էլ պարապ չմնանք, ստեղծագործենք, և նաև աղոթք անելուց մեր ուշադրությամբ դրսում, մեր հոգսերի հետ, փողոցում չլինենք, այլ աղոթք անելուց անկեղծ աղոթք անենք, սնվելուց' սնվենք, սիրելուց' սիրենք... Վերջում Տ. Պետրոսը ավելացրեց, որ ամենակարևորը ես հանգիստ եմ, որ ձեր նման երիտասարդների հետ աշխատելով ամեն անգամ ոգևորվում եմ, զուր չի անցնում մեր աշխատանքը երիտասարդների հետ... Միշտ միասնական եղեք ու միշտ սիրեք ձեր երկիրը, հայրենիքը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, իսկ եթե մենք սիրենք մեր այս երեք սրբությունները, համոզված եմ, որ մենք սիրելու ու երկյուղածությամբ պահաելու ենք մեր նախնիների ստեղծած արժեքները...

 

 

Օրվա երկրորդ կեսին հանդիպեցինք Մակարավանքի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տ. Սիմիոն քահանային, ում հետ էլ միասնական աղոթք վերառաքեցինք առ Աստված: «Արարատ» երգչախումբը իր հոգևոր կատարումներով հիացմունք պատճառեց, ոչ միայն մեզ, այլ նաև Մակարավանք եկած այլ ուխտավորներին: Տ. Սիմիոն քահանան պատմեց Մակարավանքի պատմությունը և վերջում աղոթքով բարի ճանապարհ մաղթեց մեզ բոլորիս: Ուխտդ ընդունելի, երիտասարդ ուխտավոր:

 

 

 

 

 

Արթուր Հայրապետյան